երկար, երկար նայում աչքերիս, սիրալի կերպով զննում դեմքիս բոլոր մասերը, հետո հանկարծ կատաղի կերպով ընկնում գիրկս և… այնպիսի ջերմ համբույրներ էր տալիս ինձ, որ սարսուռ էր ազդում ամբողջ մարմնիս․․․ Այդ բոլորի միջոցում հանկարծ թողնում էր կիսատ համբույրը, ետ էր քաշվում, խլվում-հեռանում գրկիցս, ճակատը շփում, ունքերը կիտում, հալում էր շուրջը նոր զարթնողի աչքերով, հետո դառնում ինձ և գոչում․
— Հեռացի՛ր, գնա՛… կարծում ես, թե սիրո՞ւմ եմ քեզ, սխալվում ես… այո՛, ես քեզ չեմ ուզում։
Ընդհատում էր, ձեռքը կոկորդին տանում, օձիքը քաշում խեղդվողի պես, ինձ նայում մի վայրկյան, հետո հանկարծ հարձակվում վրաս, բռնում թևերիցս, մի րոպե դեմքս զննում և նորից համբույրներ, նորից…
Ախ, աստված իմ, որպիսի նյարդային հիվանդոտ տեսարաններ էին ալդ բոլորը։
Մի ժամ ամբողջ Աննան տանջվեց այդպես, տանջեց ինձ իր հետ և միշտ կրկնեց, որ չէր սիրում ինձ, որ չէր ուզում սիրել։
Վերջապես քիչ հանդարտվեց, հոգնածի պես ընկավ դիվանի վրա, քաշեց ինձ յուր կողքին, բռնեց ձեռքս և ասաց մեղմ, դադարածի ձայնով․
― Լսիր, ճշմարիտ եմ ասում, գիտե՞ս, ես քեզ սիրել չեմ կարող։
— Որովհետև ուրիշի ես սիրում, այնպես չէ՞,— դիտեցի ես կծու կերպով։
Ցնցվեց, դարձավ և այնպես նայեց ինձ, որ քիչ մնաց չոքեի և ներողություն խնդրեի կասկածիս համար։ Մոտեցա, խանղաղատանոք զրկեցի և քաշեցի դեպի ինձ։
Ետ մղեց, տանջվողի պես կնճռեց դեմքը, բարձրացավ տեղից և մոտ գնաց լուսամուտին, այնտեղ դեմքը կպցրեց լուսամուտի ապակուն և մնաց պահ մի։
Սկսել էր ձյունել դրսում, քամին նրանից խոշոր հատեր բերում շպրտում էր ապակիների դեմ։
― Այո՛,— մռմռաց նա առանց ինձ նայելու,— չեմ ուզում…
Հետո թողեց լուսամուտը, մոտ եկավ սեղանին և շարունակեց.
― Եթե քեզ սիրեմ, նա կմեռնի, անշուշտ կմեռնի… ապրել չէ կարող այլևս, այդպես է նա, հասկանո՞ւմ ես։
― Հասկանում եմ,— պատասխանեցի ես— ահա թե բանը ինչումն է․ նրան խոսք ես տվել և չես ուզում խախտել խոստումդ, ապա թե ոչ, սիրո մեջ իրեն զոհել իր չսիրածին…
–Ո՞վ ասաց, որ ես նրան չեմ սիրում,– միջահատեց Աննան բարկությամբ,