Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հոգնակի խոսելը թող,— ասաց նա ձեռքս բռնելով,— տուր ինձ ձեռքդ, մի՞թե, ասա ինձ, մենք չենք կարող բարեկամ իսկ մնալ:

Չպատասխանեցի և ակնարկս մի ուրիշ կողմ դարձրի։

— Խոսիր,— պնդեց նա,— մեզ հնարավոր չէ՞ բարեկամ լինել միթե։

— Ո՞չ, Աննա,— պատասխանեցի ես վերջապես,— ես մի տարօրինակ մարդ եմ. երբ սիրում եմ մեկին, այդ սերը հետո բարեկամության իջեցնել անհնար է լինում ինձ… կամ ամեն ինչ, կամ ոչինչ:

Վեր կացավ և քիչ հեռու գնաց:

— Այդ լավ չէ,— դիտեց նա,— ես կուզեի քեզ հետ բարեկամ մնալ… հա, գիտեմ, ես մի բան պիտի հայտնեի քեզ, մի նորություն:

Կանգ առավ, վարանում էր։

— Օլգան,— շարունակեց նա դժվարությամբ,— ընկերուհիս, գիտես… մի ուրիշ սենյակ էր վարձել իր կողքին ինձ համար, այնտեղ լավ կլինի ինձ համար, միշտ մի ընկերուհի կունենամ կողքիս, որ կխնամե ինձ, եթե նորից հիվանդանամ։

— Ի՞նչ,— ասացի ես գունաթափ,— ուրեմն ուզում ես հեռանա՞լ արդեն։

— Հեռանալ,— Ժպտեց նա,— ինչո՞ւ, բարեկամս, սենյակս հեռու չէ, կարող ես հաճախ գալ ինձ մոտ։

— Ո՛չ,— ասացի ես,— այնտեղ շատ հեռու է և այստեղի պես չի լինելու. հեռանալով այստեղից, զգում եմ, որ ուզում ես ընդմիշտ թողնել ինձ:

Հուզվեց, մոտեցավ ու մեղմությամբ գրկեց վիզս:

— Լսիր, բարեկամ, իմ շատ սիրելի բարեկամ,— ասաց սիրալիր,– ես քեզնից հեռանալ չէի ուզիլ, բայց չեմ կարող քեզ սիրել և խնդրում եմ, աղաչում եմ, մեռցրու դեպի ինձ ունեցած այդ զգացմունքդ, այդպես պետք է։

Պահեց մի րոպե ձեռքս իրենի մեջ, հետո հանկարծ թողեց նրան և մի քանի քայլ արավ դեպի դուռը, այնտեղ նա կանգ առավ մի քիչ.

— Ախ, մոռացա,— ասաց նա շփոթված և առանց երեսիս նայելու.– մոռացա, որ դասախոսության պիտի գնամ… ցտեսություն, վաղը կարող ես գալ ինձ մոտ։

Շտապով դուրս գնաց, դուռը ուժգնությամբ փակեց, հետո գահավիժմամբ մտավ իր սենյակը և մի րոպեից հետո արդեն փողոցումն էր։

Աշխատել էր այնպես արագ հեռանալ, որ գալոշները չէր հագել և երբ մի քանի ժամից հետո հեռվից տեսա նրան փողոցում, ցեխոտվել էր, բայց գնում էր առանց ուշադրություն դարձնելու դրան, ցուրտը կապտեցրել էր նրա ձեռքերը, և նա մոռանում էր ձեռնոցն անգավ հագնել: