Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շինել մի շենք միայն երեք պատով, ետևի պատի տեղը բաց թողնել և ապա դռան վրա էլ մի մեծ փականք դնել. ինչո՞ւ։

— Լավ ծաղրվեցի, — ճակատը կնճռեց արտիստը, — և սակայն դռան ճակատին գրվածքը չկատարվեց, որովհետև փնտրածս ահա չեմ գտնում։

Հազիվ թե ասել էր այդ, երբ աչքն ընկավ պատի վրա քանդակված սույն երեք տողերին, և նա կարդաց.

«Ամեն ինչ նոր է աշխարհիս վրա, սակայն ոչինչ նոր չէ։

Ձեռք բերելու դժվարությունը առարկան ցանկալի է դարձնում։

Մի անգամ ձեռք բերված՝ նա դառնում է սովորական»։

Մանին ընկղմվեց մտածության մեջ. այդ տողերը խիստ ազդեցին նրա վրա։

Գտել էր փնտրածը, բայց և չէր գտել, որովհետև, եթե գտներ, փնտրածն այդ չէր լինիլ։ Ուրեմն փնտրում էր մի այնպիսի բան, որ չպիտի գտնվեր։

Հասկանում էր այժմ։

Դուրս եկավ շիրմից, գնաց տուն, ձեռքն առավ վրձինը և նստավ կտավի առաջ։

Նկարեց շիրիմը երեք պատով, ետևի բացվածքովը, նկարեց դուռը և դրեց նրա վրա խոշոր երկաթյա փականքը։

Հետո փոխանակ գրելու շիրմի վրայի խոսքերը, գրեց սույն տողերը.

«Ցանկալի առարկան նմանում է այս շիրմին. բաց, սակայն դռան վրա մեծ փականք»։


ԼՈՒՐ-ԴԱ-ԼՈՒՐ
(Քրդական պոեմ)

Այնտեղ, Սև-ջրի չքնաղ եզերքներին էր, որ ապրում էր Հասոն։

Երկրի սիրուն և Հաջ պատանին էր նա։ Ոչ մի մարդ նրան չէր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ, և ոչ իսկ գայլը՝ ոչխարի կողքին քարշ գալ: Հասոն որքան բարի էր դեպի լավը, այնքան էլ անգութ էր դեպի չարը։

Սիրուն էր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ։ Երկրի աղջիկների խելքը գնում էր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նրա սրնգից հանած ձայները կարելի՞ էր, որ հրեշտակներն ունենային՝ այնքա՜ն գրավիչ,