-Մեկ էլ տուր, կնի՛կ,– հրամայում է աղան։
Ժամկոչը այդ երկրորդը առանց բարեմաղթելու է կոնծում, թևովը սրբում է բերանը և որպես թե սկզբում մի բան էր ասել և կիսատ թողել, շարունակում է,
-հա՛, է՛ն էի ասում… էդ տնավեր սխկայեցիք… այնքա՜ն տեղից, էս ցուրտ-ղիամաթին, ծանր-ծանր, իրենց էշերի քայլքով քաղաք են գալիս թե ինչ… մեկ իշու բեռ փթիր[1] կամ երկու ջվալ պտըտուր[2] պիտի ծախեն… Տնավերներ, 5—6 ղուրուշի համար այդքան տանջվել կլինի՞։ Հալա մեկ-երկու ժամ էլ այս ցրտին, ոտները վեր-վեր անելով, Արարուց մեյդանի վրա պիտի սպասեն, մինչև որ ժամավորն ելնի և պտըտուրն առնի…
— Թե որ ծախվի էն էլ,— մեջ եմ մտնում ես,— չե՞ս տեսել, որ շատերը չեն կարողանում ծախել մեյդանի մեջ և էշն առաջ արած՝ մինչև երեկո փողոցներն են չափում և գոռում…
-խա՛, խա՛, քե մեռնեմ… շան կյանք է, ողջ օր ու գիշեր տանջվեն, ցուրտ ուտեն, հիվանդանան, մի երկու ղուրուշ վաստակեն, էն էլ տանեն կամ պարտատիրոջ տան, կամ նյուֆուս առնողի բերան լցնեն։
— Թե որ մենակ նյուֆուս լինի…,— ասում է աղան մռայլ դեմքով,– ապա ուրիշ հարկե՞րը, ապա կաշառքնե՞րը…
Բոլորս լռում ենք։ Կրակը ճարճատում է, բոցը իջնում և արնեգույն լույսի մի շրջանով ներկում մեր դեմքերն ու թոնրի եզերքները։
«Ձայն հառաչանաց, հեծության սրտի, ողբոց աղաղակի… քեզ վերընծայեմ… ստեղծողդ ամենի…»,— լսվում է այդ լռության միջից աղայի մելամաղձոտ, սրտի խորքերից դուրս եկող վշտալից խուլ ձայնը։ Հետո, երբ մի րոպե ամենքս լուռ մնացած, ակնապիշ՝ կրակն ենք դիտում, նա դառնում է ժամկոչին և հարցնում․
— Պատարագիչն ո՞վ է այսօր, Սախակ։
— Տեր Եղիշեն։
— Ամբիծք էլ ունի՞ք։
— Հրամանք ես, երկու հատ։
Նորից լռություն։ Կայծեր են դուրս սլանում թոնրի խորքից, միմյանց ետևից պնդում կարծես և սենյակի վերին, մութ տարածության մեջ, ճաթռտում, կորչում։
Աղջիկը դեռ ավելում է, բայց շատ հեռու, հազիվ երբեմն լսվում է ավելածության չոր ձայնը։