Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերևից, փոսերի մեջ գոյացած ջրերը պատռել էին իրենց թումբերը: ուժգնությամբ ցած հոսել և գրեթե սրբել էին արտը։ Տեղ-տեղ օազիսների պես մնացել, իրենց մերկ արմատներն էին ցույց տալիս՝ ցորենի ծիլի կղզյակներ։ Երկար, կանաչ երկար շերտեր միմյանց վրա, արմատախիլ, ջարդված, հոգեվարք, սահել էին ամեն ուղղությամբ ե թաթախվել ցեխով։ Ոմանք մինչև վիզը խրվել, ուրիշները հազիվ էին երևում։

Հողն ամբողջ կանաչել էր նրանց դիակներով…

Եվ անձրևը տեղում էր, տեղում ու իր խոշոր կաթիլներով ճղփացնում լճացած ջրերը։

Ընկավ բահը ծերունու ձեռքից. աչքերը մթնեցին, ծնկները կթոտեց և նա տեղնուտեղը, իր ընտանիքին կերակրող ցորենի դիակների կողքին նստեց ու գլուխը ձեռքերի մեջ ծածկեց…

Ձիս քշեցի և հեռացա։ Մխիթարական ո՛չ մի խոսք ասելու սիրտը չունեցա։

Եվ երբ հեռվից ետ նայեցի, տեսա թշվառ ծերունուև միշտ նույն դիրքի մեջ, նստած իր ավերված արտի կողքին, գլուխը ձեռքերին և ալեզարդ մազերը տեղացող անձրևի տակ…


ԶՎԱՐՃԱՑԱՆՔ…

1

Լուսնկա գիշեր էր այդ օրը։ Ընթրել վերջացրել էինք, հորս աչքերը փակվում էին, ես ու Կարապետը օդան էինք ուզում ելնել, երբ դրսում գամփռը սկսեց կատաղի կերպով հաչել։

Հայրս վերցրեց պատին դեմ տված սուպը և դուրս թռավ. մենք էլ հետևեցինք նրան:

— Աս ո՞ւր եք…– լսվում էր շան ձայնի հետ, — սա քյոփեկին ձայնը չկտրե՞ք… աս ի՞նչ կատաղած գազան է, ծո՛…

Քյություկչին էր, այն պոլսեցի երիտասարդը, որ մեր գյուղն էր եկել, ընկույզի կոճղեր գտնելու համար։

Հայրս ազատեց նրան Բառոյի ձեռքից և ներս բերեց։

— Ո՜ւֆ…— արավ երիտասարդը ներս ընկնելով,— ինչ ալ խոշո՜րն է, քիչ մնաց բզկտեր ինձի:

Ապա մեզ դարձավ ու բարևեց։ Հորս հետ դեռ ծանոթ չէր։ Ծանոթացրի: