- Բարի եկաք, ուխտներդ ընդունական…— այսպես սկսեք վեհափառը,– հրամանքնիդ ռուսիացի՞ եք։
- Ոչ, վեհափառ,— պատասխանեցի,— ես վանեցի եմ։
- Հա՞… որոնցմե՞ն ես։
Հորս անունը տվի. չէր ճանաչում, բայց լսել էր։
- Իսկ աս աղա՞ն,— հարցրեց նա ընկերոջս ակնարկելով։
- Պարսկաստանցի է, անունը Կարապետ։
Այնուհետև սկսեց մի երկար խոսակցություն այն մասին, թե ես ինչո՞վ եմ զբաղվում, ընկերս ինչո՞վ, թե ինչու ենք եկել այս կողմերը, կամ որ ճանապարհով եկել և այլն, և այլն։
Քիչ հետո երևեցավ մի գյուղացի՝ ձեռքին երեք ֆնջաններ և մի սրճաման։ Կոշիկները հանեց գորգից դուրս, պատկառանոք մոտեցավ վեհափառին, չոքեց, դրավ նրա առաջ ֆնջաններից մեկը և սուրճ լցրեց, հետո դարձավ ինձ ու ընկերոջս և նույնն արավ։ Ղազար վարդապետն էլ եկավ շուտով ու չոքեց վեհափառի կողքին, մի ոտք ետ։
Այդ բոլոր ժամանակում կաթողիկոսը միշտ մի տեսակ կասկածանքով և ուշադրությամբ էր զննում ընկերիս, իսկ ինձ վրա սակավ էր նայում, և երբ վարդապետը վերադարձավ, այն ժամանակ հանկարծ ասաց.
- Հրամանքնիդ ուրիշ ժամանակ այս կողմերում եղե՞լ եք։ Կարապետը շփոթվեց մի քիչ։
- Ոչ,— ասաց,— այս կողմերում չեմ եղել։
— Ես էլ չեմ եղել,— պատասխանեցի ես։
- Գիտե՞ս,— դարձավ ինձ կաթողիկոսը,— քիչ մնաց կարծեի, թե աս աղան մեր կողմերը թափառող բոշ-բողազ ռուսիացիներեն է։
— Այդ ի՞նչ ռուսիացիներ են, վեհափառ։
— Հըմ, հըմ…— արեց կաթուղիկոսը,— ի՞նչ ըսեմ, էֆենդիս, տարի մըն է, որ խել մը բոշբողազներ ընկեր են մեր գյուղերը, քանի մը օր առաջ ատոնցմե երկուքը ձիերու վրա հեծած՝ դրսի տուն եկան… Ալլահ Իչյուն[1], գեշ մարդիկ չէին երևնար, նվեր տվին վանքին, սակայն, այլանդակ խոսքեր կընեին. վտանգավոր խոսքեր… Կատղեցուցին զիս, համբերություն չթողին… Անանկ չէ մի, Ղազար վարդապետ,— դարձավ նա հայր-սուրբին,— միտքդ չէ՞, թե գյուղացիներուն ինչեր էին սովրեցուցեր։
— Հրամանք ես, վեհափառ… չեմ կարծեր, որ ասոնք անոնցմե ըլլան։
- Աղեկ, իհարկե, ես ալ չեմ կարծեր… Ինչ որ է, վարդապետ, անոթի ենք, աս աղաներն ալ անոթի պիտ ըլլան, Խաթունը բան մը պատրաստե՞ր է…
- ↑ Աստծու սիրուն։