-Հա, ըշտե կուզես նե՝ քեզ ալ տեղ մը վարդապետ ընենք, լմննա երթա… սակայն և մի գդալ էլ խմեց, նայե, չըլլա թե սա անհավատական մտքերեն լեցնես տղայներուն գլուխը…հը՛մ (մի դգալ ևս)… Սատանայի գոյություն ուրանաս… կրոնավորներուն պարսավես…
Հետո գդալը ձգեց և սկսեց բրդել թանի մեջ։
- Հրամանքդ ալ աղվոր ձայն ունի՞ս։
- Ոչ, ես ձայն չունիմ։
- Չունի՞ս… ձայնավորությունն ալ չիյտես։
- Ոչ, վեհափառ, չգիտեմ։
Կաթողիկոսը կանգ առավ, մի ակնթարթ զարմացած դիտեց Կարապետին, ապա գդալն առավ, մի խոշոր պատառ կլլեց ու գոչեց.
- Րոաֆ բե[1]… ապա ի՞նչ գիտես։ Նայինք… ճարտասանությո՞ւն, աստվածաբանությո՞ւն, տրամաբանությո՞ւն։
- Ո՛չ,-ժպտաց Կարապետը։
Կաթողիկոսը ապշած էր։ Գդալը օդի մեջ պահեց և դարձավ Ղազար Վարդապետին։ Իսկ սա գլուխը միայն թափահարեց և լուռ՝ դադարեց ուտելուց:
- Ես, - շարունակեց Կարապետը, -գիտեմ պատմություն և բնական գիտություններ։
- Կեր, կեր, թանը պաղավ, -ասաց կաթողիկոսը, -ատոնց բոշբողազ բաներ են… ատոնք գիտություննե՞ր են… Այ, աստվածաբանաություն, բարոյախոսություն… Խաթուն, ուրիշ ի՞նչ ունիս, ձավրե փլա՞վ է եփածդ… հա՞, դեհ, բեր, օրհնվիս դու…
Մի քանի րոպե այնուհետև լուռ ճաշեցինք։ Հեռու կիսամթան մեջ, սինիի շուրջը բոլորած գյուղացիք ևս դադարել էին փսփսալուց, ուտում էին և անդադար մեզ դիտում։ Եթե կաթողիկոսը պատահմամբ նրանց կողմն էր նայում, իսկույն ուղղվում էին աշակերտների պես, կծկվում և ակնարկները խոնարհեցնում:
Մինչև մի քանի գավաթ չխմեց և մի լավ չկերավ, վեհափառը այլևս չխոսեց, մենք էլ լուռ էինք։
Ձավրե փլավից հետո գյուղացիներից մեկը շարժվեց, քոլոզը հանեց, ձեռքին բռնած հողե կուռիկը՝ մոտեցավ և ասաց կաթուղիկոսին.
— Հոգևոր տեր, օրհնիր… Մեզ էլ արձակիր գնանք այս գիշեր։
- ↑ Զարմանալի բան