Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ կշահեք, այ,— հեգնեց հյուրընկալս։

— Այդ ի՞նչ գանգատ է,— հետաքրքրվեցի:

Նորից զարմանքով ինձ նայեցին. մի՞թե չգիտեի. մի՞թե այդքան տգետ էի այդ երկրի թշվառությունների վերաբերմամբ։

— Ի՞նչ պիտի լինի,— ծիծաղեց կայարանապետը։— Քամում են սրանց, ահա թե ինչ. էլ ոչինչ չեն թողնում. տուրքերի տակ խեղդում էն, սպանում բոլորին… աստված է վկա, որ ոչ մի ինսափով մարդ չի կարող առանց զայրույթի տեսնել այդ բոլորը։

— Էլ ուտելու բան չմնաց,֊ ավելացրեց մի թշվառ կին,֊ որ կծկվել էր պատի տակ և աջ թևովը պարուրել էր իր մերկ ու ցեխաթաթախ զավակին։

— Շոր էլ չմնաց, տավարները տարան…

— Սպանում են, տանջում… բանտ տանում:

Մի րոպե ոչ ոք չխոսեց։

— Էհ,– արեց կայարանապետը,— խելք ունիք՝ քաղաք մի գնաք, Հյուսեյն աղայից գանգատել չէ կարելի, իսկ գանգատելով էլ տուրքերը չեք թեթևացնիլ… ձեզանից առաջ շատերը գնացին, ո՞ւր է, այլևս տեսե՞լ եք նրանց…

Թշվառները դողդոջուն, ավելի սարսափահար այդ ճշմարիտ խոսքերից, հուսահատ հայացքով մեզ էին նայում։

- Բայց այս ցրտում խո կսառեն դրանք,— գոչեցի ես,— չէ՞ որ կմեռնեն, եթե դուրսը մնան։

Ու երբ սպասում էի, որ կայարանապետը մի ճար աներ, լսեցի, որ մեկը ասում էր ետևիցս.

- Ավելի լավ իրենց համար, որ ապրում են, հա՞մ առնում են կյանքից։

Չիմացա ով էր ասողը. թո՞ւրք էր, քո՞ւրդ, թե՞ հայ։ Ով որ էր, մի մարդ էր այդ խոսողը։

- Մի տեղ տուր վերջապես,— ասացի բարկությամբ,- ես կվճարեմ դրա համար։

Գտան տեղ։ Փայտանոցն էր, մի կողմը դատարկ։ Այնտեղ լցրին նրանց, ու կայրանապետր գլուխը կասկածանքով շարժելով հեռացավ։ Լսեցի, որ ասում էր ծառաներին.

- Լավ հսկեցեք, դրանք անշուշտ մի բան կգողանան…