Հույս չունենք ապրելու, ِո՛չ։ Քաղաքի մեջ անցած-դարձածն իսկ ապացուցում է, որ բոլորիս կոտորելու են։
Որքա՜ն սառնությամբ եմ գրում այս բոլորը, և դու արդյոք սառնությամբ չէ՞, որ այս կրկնված, երեքնած նկարագրություններից էլի՛ մեկը պիտի կարդաս։
Չորս օր առաջ սկսվեց Ե՞րբ պիտի պայթի՝ չգիտեմ։ Այսօ՞ր, մի ժամի՞ց։ Գուցե հենց այս րոպեիս։
Մի քանի օր է արդեն, որ մոտակա քաղաքից հասած կոտորածների լուրերը գրգռել են բոլորի ջղերը և լարել։ Մի թեթև աղմուկ բավական է՝ ամենքին զարհուրեցնելու համար։
Պիտի տեսնեիր սոսկումը, երր շուկայի մեջ լուր տարածվեց, թե վաճառական Վահանին մի թուրք՝ դաշույնի հինգ հարվածով փռել էր գետին։
Շուկայի մի ծայրից դեպի մյուսը կարծես մի ուրագան սահեց։ Աղմո՜ւկ, շփո՜թ, փախչողնե՜ր…
Որոտումով փակվել էին խանութների տախտակյա փողկերը։ Շատերը, խելքը կորցրածի պես, թողնում էին ամեն ինչ—խանութ, գլխարկ, կոշիկ՝ և վազո՛ւմ էին դեպի տուն։
Պահ մի ևս, և շուկան դատարկ էր, ամայի, բաց, իսկ փողոցներում՝ վազող–վազողի։
Եվ լուրերը հետզհետե դառնում էին մեծացող, երբեմն՝ այլանդակ։ Որպես թե սպանել էին ոչ միայն Վահանին, այլև շատ անցորդ հայերի, որպես թե թուրքերը, խումբ առ խումբ, փողոցների ծայրերում կանգնած, դաշունում էին կամ գնդակահար անում բոլորին։
Հավաքվել ենք եկեղեցու բակը։ Ամենաապահով տեղն է։ Ահա լցվում է մատուռը, խուց և դպրոցի սենյակները։ Կին, տղա, ծեր՝ ճչում են, լալիս, ողբում։ Որն իր ամուսինն է փնտրում, մեկը՝ իր որդին, մյուսն իր եղբորը որոնում։
Մի նշանած աղջիկ էլ ընկել է սենյակից սենյակ, բակից բակ ու մի կողմ թողած ամոթխածությունը, խելակորույս՝ իր սիրելուն է որոնում։
- Վահա՜ն, Վահա՜ն,— ձայնում է նա սրտաճմլիկ, աղիողորմ։
Սիրտս սեղմվում է։ Ի՞նչ Վահան է այդ։
Մեկը, որ սոսկումից կծկվել էր մի տեղ, կանչում է.
- Ի՞նչ ես ողբում, աղջիկ, Վահանին սպանեցին։
- Սպանեցի՞ն…
Անվան զուգադիպություն էր թերևս, բայց մի սոսկալի ճիչ դուրս թռավ աղջկա կրծքից, և նա փռվեց գետին։