Ահա, մշուշի պես աչքիս առջև են գալիս ուշաթափ, մազերը ցրված՝ մատաղահաս աղջիկ ու կանայք՝ վայրագ քրդերի բազուկների մեջ, ծերունիների ալեզարդ գլուխներ, որոնք խեղդված գազան թուրքերի թևերով՝ քարշ են տալիս իրենց մարմինը փողոցի փոշու մեջ, և մանուկներ, որոնք ճչում են, իրենց թաթիկները պարզում.
—Մայրի՜կ, մայրի՜կ…
Էլ ոչինչ չեմ տեսնում։
Հրացանաձգությունը դադարել է, ընդհանուր քարացում է տիրել, թշնամին հառաջանում է դեպի մեզ։
Մեր ծնողները, մեր կանայք ու մանուկները նրանց առջևից քշվում են և մեր՝ ինքնապաշտպանության համար արձակվող հրացանների առաջը բերվում։
Ա՛հ, վատերը… Ստիպում են մեզ մեր ձեռքով սպանել մեր քույրերին, մեր մայրերին ու զավակներին։
Զենքերնիս ցած են իջնում, բազուկնիս թուլանում։
Բայց ահա գլխավորը, որ հանկարծ ցցում է իր երկար, խրոխտ հասակը և գունաթափ՝ ձայնում.
— Տղերք, այդ ի՞նչ է, վարանո՞ւմ եք. չէ՞ որ եթե կենդանի մնան դրանք, միևնույն է, զոհ են գնալու այդ գազանների կրքերին և սրերին… Հաոա՜ջ, կրակեցեք, թող մեռնեն գոնե պատվավոր մահով…
Ու բարձրացրեց հրացանը, նշան առավ, կրակեց…
Մի ծեր կին էր, որ գնդակն առավ, բարձրացրեց ձեռքերը, նայեց զարկողին և մեռավ…
Մայրն էր…
Գազանները սարսափահար՝ կանգ առան, բնազդմամբ իմացան, որ որդին մորը սպանեց:
Այդ հսկայական սպանության աոաջ՝ ապշեցին նրանք. վախեցան, սկսեցին ետ քաշվել…
Բայց երկար չտևեց այդ։
Անշուշտ շատ չէին կարող լինել այդպիսի անսիրտներ,— մտածում էին նրանք։
Եվ սխալվում էին:
Բոլորս բարձրացրինք հրացանները։ Ծերունի կինը, ընկած փոշու մեջ, մեր դրոշն էր դարձել…
—Կրա՛կ… — որոտաց գլխավորը խռպոտ ձայնով,— մայրս էր, որ սպանեցի… կրա՛կ, թող մեռնեն բոլորն էլ…
Ու գունաթափ էր որպես մահ: