Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մշուշն իջել էր մինչև հովիտների խորքը և այժմ դանդաղ, արևը ծագելու հետ, իր րնդարձակ ծավալով ոլորտվում էր ծայրերից, բրգի խոշոր քուլայի նման օրորվում էր ծառերի ծայրերին և վարանելով կարծես՝ մաքրում էր բռնած տարածությունը, սահելով լեռներն ի վեր:

Լուռ և անշարժ մնացել էինք։ Ոչ իսկ կարողանում էինք հաղորղել իրար մեր սքանչացումը։

Ահա ուրեմն, թե որպիսի՜ բնության մեջ էինք գնում ապրելու.– այդ ներքևի շքեղ հովիտներում, անտառոտ բլուրների կողերին…

Ու բացվում էր հորիզոնը մեր աչքի առաջ մանիշակագույն և փոշելից: Հեռուներն սկսում էին շեշտվել շրջակա գյուղերը, գալարուն, կապույտ՝ օձերի պես դեպի վեր սողոսկող ծխի անոսր սյունակները երևան էին գալիս բլուրների ստորոտներում։ Բայց դեռ խորին, անշշուկ լռությունն էր թագավորողը։ Կարծես ոչինչ դեռ չէր զարթնել, ո՛չ մի թռչուն, ո՛չ մի բույս։ Անլսելի էին նույնիսկ հեղեղատների և ջրվեժների կարկաչները։

Այդ խորին լռության մեջ էր ահա, որ հանկարծ մի սուր, երերուն ղողանջ թրթռաց, ելևէջներով բախվեց ժայռերին, թնդաց, ապա մեղմացավ և իջավ հալվելու անտառի գրկում։

— Քարկող գյուղի զանգն է,— ասաց ընկերս։

Ներքև, թերակղզու նմանող ահավոր ժայռերի մի տափարակ պատվանդանի վրա գտնվող գյուղի զանգն էր։

Մի րոպեի մեջ կարծես ամեն ինչ զարթնեց։ Թռչունների ճլվլոց, հեռավոր աղաղակներ, նույնիսկ շների հաչոց, ապա՝ բույս ու թուփ փայլեցին մեր շուրջը, ժայռ ու մարդ պսպղացին զվարթագին՝ նոր ծագող նարնջագույն արևաշողքի տակ։

Եվ զանգը խորքերում՝ հնչում էր անընդհատ։ Քա՛նի արագ, ա՛յնքան կենդանությունն ավելանում էր ամեն կողմ, ա՛յնքան թռչունները շատացնում էին երգերը և այնքան ջրվեժների ձայնը լսելի, ազատված մշուշի քողից, ելնում էր ձորերն ի վեր և գալիս էր հասնելու մեզ։

Որքա՜ն գեղատիպ էր այդ միջոցին դաշտի հեռանկարը։ Այնտեղ, ընդարձակ տարածության մեջ, տեղ-տեղ ցցված էին կանաչ, կարմիր տանիքներով գյուղեր, մեջառմեջ՝ արևի պոլքի տակ գալարվող ջրեր էին հոսում, իսկ առավոտյան ցողի ականակիտ կաթիլները շողշողում էին մեն-մի ծաղկի—մանուշակի, անմոռուկների և զանգակիկների շուրթերին:

Եվ հեռուն, շա՜տ հեռուն, սպիտակ շերտերով շարժվում էին հոտերը, սևին էին տալիս նախիրներ. թացությունն էլ այդ ամենը շեշտում էր