Տունուտեղ էլ ունեին. ամենքից մեծը, որ հիսնամյա հսկա մարդ էր, մեր լեռների հարազատ ծնունդը—ամուսնացած էր. միայն մի մանուկ ուներ, տասնամյա տղա. մյուսները ամուրի էին, ամուրի էլ մեռան… Դուք, իրա՞վ, չե՞ք էլ լսել Դուզանի Հարեթ աղայի մասին:
— Դուզա՞ն. գա այն գյուղը չէ՞, ուր գնում ենք մենք ապրելու:
— Ոչ միայն այն է, այլև Հաբեթ աղայի որդու հետ է, որ ընկերացել եք՝ նրա հողերը մշակելու համար:
— Հետաքրքիր է. պատմեցե՛ք, մենք ոչինչ չենք լսել։
— Հաբեթ աղան,— սկսեց ընկերս,— բազմահարուստ մի աղա էր իր շրջանում, հարուստ և լիրբ… փողի ուժը փորձել էր և լրբացել… Փողը, մանավանդ այսպիսի խուլ տեղերում, տեր և իշխան է ամեն բանի… Ունե՞ս փող — ունես ամեն ինչ, կարող ես գոռալ, կանչել, հայհոյել, ծեծել… անհոգ կաց, ամենքը կատու կդառնան առաջդ, քա՜նի ամուր զարնես, ա՛յնքան ավելի կքծնեն. քա՛նի պինդ գոռաս, ա՛յնքան ավելի լեզուները դուրս կհանեն… փո՛ղ ունես, դա հանաք բան չէ… Եվ Հաբեթ աղան փող ուներ, շա՛տ փող… Այսպես կամ այնպես՝ դիզել էր նա բավական, տոկոսով էր տալիս—ի նկատի ունեցեք, հարյուրին ամենապակասը 20, հաճախ 40, և դեռ ընծաներն ավելի, ձրի աշխատեցնելը, որևէ բան կես գնով պարտատերից կորզելը, գյուղի մեջ ամենալավ պատառների տեր դառնալը… Ու դիզում էր այդպես։ Կենտրոն էր գտել իրեն և կամաց-կամաց շրջան էր գծում իր չորս կողմը, ձեռքը հասնելու չափ ոտների առաջն էր քարշ տալիս հասնողներին… Նախ, ի՛ր գյուղացոց էր ստրուկ շինել, մուրհակներով, գրավներով շղթայել, հետո շրջանը մեծացրել էր ա՛յնքան, որ հասել էր մինչև այս կողմերը, մինչև Հասար և դեռ է՛լ հեռուն… Գյուղացի չկար, որ պարտք չունենար նրան… Տոկոսնե՛րը հենց—մի տարվա տոկոսը — ինձ ու իմ ընտանիքիս կապահովեր ընդմիշտ… Միայն կանխիկ փող ա՛յնքան թողեց, որ կհավատա՞ս, նրա մեռնելուց հետո որդին քաղաքում ցորենի նման, բռով դեսուդեն ցրելով հազիվ 3—4 տարում հասավ իր շորերը ծախելու օրին…
Ու այսպես, ընկերս սկսել էր պատմել ինքնահատուկ դառն, կծու հեգնությամբ լի, սրախոսություններով և պատկերացումներով:
- Լա՜վ մարդ է եղել…— ծիծաղեց փեսաս։
— Ազդեցիկ մարդ էր,— շարունակեց ընկերս,— ա՛յնքան ազդեցիկ, որ ահա 18 տարի է նրա մեռնելը, բայց ե՛ս իսկ չեմ հանդգնե այս պատմությունը ճշտորեն պատմելու մեր գյուղում… աստվա՛ծ ազատի. եղբայրնե՜ր, եղբոր որդինե՜ր… Այնքան էլ շատ են ո՜ր… տո՛ւնս կքանդեն… Գյուղ մտնենք՝ ձեզ ցույց կտամ եկեղեցու կողքին նրա գերեզմանը