Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաղնիկաղ դուրս նետվեց նախ մի կլորիկ-հաստլիկ մարդ և վազեց դեպի ձիավորը։ Այս կողմից էլ Գրիշոյենց Մկրտիչը ժպիտը դեմքին՝ ցցվեց իր խանութի շեմքին, իսկ վարժապետը ժպտուն, ձեռքը պարզած գնաց մինչև ձիավորի ասպանդակի առաջ։

Ձիուց իջնելուն պես անտառապահը շրջապատվեց. Սարոյենց Ջավադը լայն ծիծաղով պարզեր նրան իր ձեռքը և հնչեղ ձայնով կանչեց ռուսերեն.

— Ա՛յ բարև քեզ, Ալեքսե՛յ, ի՞նչպես եղավ, որ մեզ էլ հիշեցիր…

Մտերմական և սիրալիր դեմքեր ստացան ամենքը, օգնեցին իջնելու, մեկն անմիջապես ձին տարավ կապելու, և բոլորն ուղղվեցին դեպի Գրիշոյենց Մկրտչի խանութը։

— Է՛հ, գործ կա,— ասաց պահապանը,— պրատակոլ (արձանագրություն) պիտի գրեմ։

— Ա՛յ, ա՛յ,— ծիծաղեց վարժապետը,— ի՞նչ է եղել, փա՞յտ են գողացել էլի…

— Տո, թո՛ղ է՜, մե՛կ,— ձայնեց Ջավադը,— հլա մեկ գնանք մեզ մոտ զակուսկի[1] անենք… Հը՞, Ալեքսե՛յ, գնա՛նք, նոր արաղ ունեմ։

— Միևնույն է,— ժպտաց պահապանը,— Մկրտիչն էլ կունենա:

— Ունեմ, իհարկե,— կանչեց Մկրտիչը,— նոր գինի էլ ստացել եմ։

Հետո բոլորն էլ, վարժապետն ու անտառապահն ամենից առաջ մտան խանութ, մինչ կաղլիկը պահ մի հեռացավ՝ խանութն իր եղբոր որդուն պահ տալու։

— Ադա՛,— ասաց նա իր խանութի առաջ կանգնող գյուղացոց,– Բախշիենց Մուրադի համար եկած կլինի, վազեք ասեք գերանները պարտկի, մինչև մենք սրա գլուխը քիչ տաքացնենք…

Մնացի մենակ՝ նստած խանութի առաջ և զարմացած դիտում էի այդ ամենը։ Բայց երկար չմնացի այդպես, որովհետև քիչ հետո վարժապետը դուրս թռավ խանութից, եկավ դեպի ինձ և ասաց.

— Համեցե՛ք դուք էլ, մի քիչ կխոսենք այնտեղ. եկողը մեր անտառապահն է։

Խանութի ետևում մի փոքրիկ սենյակ կար, ուր իսկույն բոլորս էլ տեղ բռնեցինք մեծ, աղտոտ սեղանի առաջ։ Վարժապետը մոտ գնաց Մկրտչին ու մի բան ասաց նրան, և ահա քիչ հետո սեղանի վրա երևաց նախ օղի, հաց ու պանիր, հետո խոշոր շշերով գինի։

Ինձ ծանոթացրին անտառապահի հետ։

— Գյուղի փայտ տվողն է,— կամացուկ բացատրեց վարժապետը։

  1. Նախաճաշ