Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Կուղարկենք, կկանչենք նրան։

- Հա՛, թող գա. ի՞նչ նրանց ընկերն է։ Մենք էլ օղի, գինի ունենք ճաշին, բայց դեհ, քանի ես ողջ եմ, իմ տունը հարբեցողի երես չի տեսնի…

Հարբեցողը ոնց որ մի խոզ աղտոտ,

Ցեխի մեջ թաթախում է ձեռք ու ոտք.

Դնչովը լկստում ա ցեխը,

Գլխի տեղակ՝ գլուխն ա դառնում տրեխը։

— Այդ է՞լ քոնն է։

- Իմն է. ես ուրիշի գրածները չեմ ասում։ Լսիր մնացածը… առուն հասա՞նք… Դե լավ, ջաղացի տակն ա կարմունջը, բայց նեղ ա, դու անցիր, հիմիկանց դենը ես մենակ էլ կարամ գնալ, սովոր եմ… դու լսիր մնացածը.

Թե ուզենա մի խոսք ասել,

Կասես իշի ձեն ես լսել․

Վայ թե քեֆին ես կպել…

Բերնի ցեխը վրադ շուռ կտա

— Այդ տողը չեղավ, բարեկամ,— ժպտացի ես։

— Հա, գիտեմ… — Արտիցը գալիս ուրիշն էի մտածում գտնել, բայց դու ռաստ եկար… վնաս չունի, գիշերս պառկելիս կգտնեմ… Հիմի լսիր վերջին կտորն էլ.

Հարբեցողը ո՛չ տուն ունի, ո՛չ ընտանիք.

Որտեղ գինի-ընտեղ նրան հարսանիք.

Մարտիրոսը ճիշտ է, գինի խմել էլ գիտե,

Բայց չի՜ կորցնում մարդկային իսկ արժանիք…

Հազիվ անցել էինք առվից և պտույտ էինք գործում ինչ-որ քարակույտերի առջևից, որ ո՛չ շատ հեռու լսվող մի աղմուկ՝ կանգ առնել տվավ կույրին։

— Բո՞…— կանչեց նա վախեցած,— կռիվ ա․ կասես մեր տան կողմերումն ըլի, մեր տղերանց ձենն ա…

— Ձեր տունն այդքան մո՞տ է։

— Հա՛. էս երևցոզը եղբորս՝ Հաբեթինն ա, հետո մերը… Հլա մեկ շատ-շատ գնանք։

Մտատանջ ու վախեցած ծերունին թեև խփվում էր պատերին, գայթում էր հաճախ, բայց շտապով առաջ քայլեց։