Շարունակելով կաղլիկը ամենի վրա իշխող աղաղակներն ու հայհոյանքները, վախից գունատ, սոսկումով լի աչքերը, նա կամաց-կամաց ետ քաշվեց, ապա թքեց և սկսեց հեռանալ դեպի առուն։ Այնտեղ, փոխանակ կամուրջից անցնելու, երկար կոշիկներով մտավ ուղղակի ջրի մեջ, այնտեղից էլ դարձավ, էլի ճչաց մի րոպե, առվի մյուս կողմն էլ մի վայրկյան մեզ նայելով հայհոյեց և անհետացավ…
Մի րոպե ամենքը լուռ էին, հետո հանկարծ մեկը քրքջաց, ապա ծիծաղ երևաց բոլոր դեմքերի վրա, իսկ կույրը, փայտը ցած թողնելով ասաց․
- Ը՜մ, ես քո վախկոտ հոգուդ…
Այնուհետև մեկեն աղմուկն իջավ, մարդիկ սկսեցին ցրվել, մնացողները հանդարտ, համոզիչ կերպով շրջապատեցին անտառապահին, և չէր անցել հինգ րոպե, որ տանուտերի օգնականն անհետացել էր, իսկ վարժապետն անտառապահի թևը մտած, կույրի առաջնորդությամբ, հետևներիցը մենք էլ, մտանք մի ընդարձակ սենյակ, ուր շուտով սփռոց փռվեց, և երևաց շիշերով օղին և գինին…
- Ըտենց, հա՜…— ձայնեց վարժապետը,— ա՛յ, հիմի լավ էլավ… Տո, ի՜նչ գողացած փայտ, ի՜նչ տանուտեր… ողջ գեղը, բոլոր գեղերը գողանում են… Դու գինի՞ ասա, գինի՜… խմենք, Ալեքսեյ, կը չորտու[1] պրատակոլ-մրատակոլ… ինչի՞, դու չե՞ս իմանում, որ մեկը հենց ինքը տանուտերը ողջ անտառը թալանում ա ու տարեկան ինչքան տախտակ ա ծախում… նա, վազմի՛, պե՛յ (ա՛ռ խմի)… քո կենացը, Մարտիրոս ամի…
Եվ երբ սկսել էինք ուտել, կույրը, որ լուռ և գունատ, պատառներ էր շինում, երկար չխոսելուց հետո՝ մեկեն ինձ դարձավ և խուլ ձայնով ասաց.
- Մարդիկ կան, պարո՛ն եղբայր, որ ծնվելու օրիցը հենց՝ իրանց տեղումը չեն ծնում, ուրիշ տեղի վայել են, բայց բախտը նրանց ցեխի մեջ ա բերել-քցել… Մարդիկ էլ կան, որ ծնած օրիցը շան կաթ ծծածի պես շուն են ըլում, բայց բախտը նրանց մարդկանց մեջ ա բերում քցում… ո՞ւր ես եկել մեր գեղը, ափսոս չե՞ս… Ա՛ռ, ա՛ռ մի-մի բաժակ էլ մենք խմենք, բալքի թե մի քիչ անասունի նման մենք էլ կարողանանք մտածել, թե չէ՝ մարդու պես ապրելը մեր բանը չի… ու տեղը չի… Ըտենց չի՞, վարժապե՞տ…
- ↑ սատանային թող գա, թող գրողը տանի։