Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնացի։ Լուռ քայլեցինք մինչև առաջին ծառը։ Այնտեղ նա կանգ առավ, դարձավ ու ասաց.

— Խո տեսնո՞ւմ եք, պարո՛ն, պրատակոլ են կազմել տալիս… գեղացիք են, անկի՜րթ… գանգատվել են, թե դուք նրանց աղբյուրի ջուրը կտրում եք… Հլա կա՛ց մեկ ամենը ասեմ… Հա՛, գյուղացոց դատաստանն էլ, գիտեք, նրանց կողմը կվճռի… է՛ս սուդ[1], է՜ս պրիսավ… գլխացավա՜նք, ջուրը կտրել անկարելի ա… հովուզը չեն շինիլ, կռանտը կկապեն ու է՛լի ջուրը տակից հողդ կփչացնի…

— Այն ժամանակ ես կքանդեմ ավազանը, աղբյուրը. ես թույլ չե՛մ տալիս աղբյուրը հողովս անցկացնել, ավազանը հողիս մեջ շինել…

— Անկարելի ա… աթաղան-բաբադան շինածը չի քանդվի ու ըտենց հողիդ մեծ մասը կդառնա բալոտ[2]

— Կստիպեմ դատաստանով, որ շինեն ավազանը…

— Ամիսներ, տարիներ կքաշի… գանգա՛տ, էլի պրատակո՜լ, պրիստավ… Դո՛ւք գիտեք. բայց որ ինձ լսեք, ես ձեզ մի լավ, կտրուկ բան կառաջարկեմ, որ մի անգամով ամեն բան վերջանա, աղբյուրն էլ շինվի, ձե՛զ էլ ջուր գա, նրա՛նց էլ, հողն էլ չփչանա…

— Առաջարկեք տեսնենք։

— Ա՛յ, ասեմ… Մի քիչ դենը գնանք… էս ի՞նչ լավ բռնել են էս ծառերը… խնձո՞րի են… փա՜հ-փա՜հ, ինչ էլ լավերն են… Հա՛, էն էի ասում…խո լսեցի՞ք շինելու համար է՛ն քիչը հիսուն մանեթ կնստի… որ լավ վճռեն, ծախսի կեսը ձեր վզին կդնեն… Հը՞… ո՛չ, ըտենց էլ կանեն, ես լավ գիտեմ մեր դատավորներին… թե չէ, կռանտը կփակեն, հովուզը չեն շինիլ ու բալոտ կդառնա ողջ հողդ։

Բարկացած մի շարժում գործեցի։

— Հա՛, հենց ըտենց կըլի, ես լավ գիտեմ. գեղամիջումն էլ խոսել են ու ըտենց են վճռել… յա 25 մանեթ պիտի ծախս քաշես, յա թե չէ հողդ ըսենց ջուր կկտրի, կռանտդ էլ կփակեն…

— Վերջացրե՛ք, հետո՞…

— Հետո էլ էն, որ օրենքներից դուրս կա մի ուրիշ ավելի մեծ օրենք. խո գիտե՞ք… Էն ո՞ր բանն ա, որ ադամամութի մեջ դնես՝ լուս կտա… ըստեղ ամեն բան ստարշինի ու իմ ձեռին ա… ոնց ուզենանք՝ ընենց շուռ կտանք… Հլա դուք էդ «լուս տվող» զադի ծերը ցույց տվեք ա կտեսնեք… ընենց անենք, որ ամեն բան էսօր ևեթ դրստվի… թանկ էլ չի նստի քեզ… մի կարմիր ա ու մի կապույտ…

  1. դատարան
  2. ճահիճ, ռուսերեն բառ է։