Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասաց, իր չանգերով կնքեց Հարութի սիրտն ու ճակատը և խրատեց։

— Դե Հիմի՛,— ասաց նա,— գնա տուն, դրացուդ՝ Գալոյենց տան պատերի մեջ ոսկի կա, քանդիր տունն ու ոսկի՜ն առ… Բայց տես, մինչև որ սաղ տունը քարուքանդ չանես, ոսկին չես գտնելու… Եթե Գալոյենց ոսկին քեզ չհերիքի, մյուս դրացիներիդ, սաղ քո թաղի, գեղի և աշխարհի տները ոսկիներով լիքն է, քանդիր ու վերցրու…

Հետո մի լավ, կուշտ ծիծաղեց ու անհետացավ։

Հարութն էլ գնաց։ Մյուս օրն ևեթ Գալոյենց տունը քանդեց, հետո դրացիների և մինչև այժմ էլ ինչ տուն տեսնի՝ կքանդի, որ ոսկի դիզի…

Պատմեց սերմնացանը և ոտքի ելավ՝ գոգնոցը ցորենով լի։

— Հետո՞,— հարցրի ես,— ինչո՞ւ այդ բոլորը պատմեցիր։

Երեսիս նայեց ժպտալով ու ասաց.

— Հարութը ոչխար էր, գայլ դարձավ, է՜լի…

— Ւմ ասածն այդ չէր։

— Գիտեմ… բայց ինձ լսիր։ Ասենք՝ ես ուզում եմ ճանպարհ գնալ, փուշ է՝ ջարդում եմ, քար է՝ դեն եմ շպրտում, բաս որ սարը գա, ո՞նց անեմ. կարա՞մ քանդել…

— Ոչ մենակ, բայց միասին և համառ աշխատանքով կարող եք նրա տակը փորել…

— Միասի՜ն… Համա՜ռ…

Երեսիս նայեց դարձյալ, մի վայրկյան լուռ մտածեց, հետո բուռը կոխեց, հանեց սերմը և ցանելով հեռացավ…

Լուռ՝ ես էլ հեռացա։

Մշուշն իջնում էր դարձյալ, արևը թաքնվել էր և ցուրտ քամին սաստկանում։ Չթվորները ճնշում էին գործիքների կոթերը և ակոսելով անցնում։

— Բոդո՛լ, Բոդո՛լ, ա՛րգյալ արի…

— Հա՜յ ես քու տիրոջ…

Վերևում լսվում էին կռունկների ձայներ։ Մի զույգ էր այն, որ կռկռալով սավառնում էր դեպի անտառոտ լեռները։