Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն գյուղաքաղաք գնալիս անշուշտ իջնում էի այդտեղ և ժամերով կանգ առնում հսկա ձորի կատարին, լիզված ապառաժների, հոսանուտ ժայռերի բարձրության այդ կետին՝ դիտելու համար ոտքերիս տակ բացվող կրքոտ պատկերը։

Դեպի անդունդը պարզվող ապառաժի տակից, ուղիղ ոտքերիդ առաջ՝ իջնում են կնճռոտ ու դաժան լեռների շարքեր, որոնք կռթնած միապաղաղ ժայռերի, գոգավոր կողերով գնում են ու գնում դեպի խորքը, սեղմելու համար փրփուրը բերնին արշավող գետակի կողերը Յուրաքանչյուր ճեղք, յուրաքանչյուր կնճիռ, անդունդի եզրից սկսած՝ խռիվ մազերի նման դուրս է ցցում իր խորշերից բազմատեսակ ծաղիկներ ու թփեր։ Նուրբ, աննման փափկությամբ, գիջության մեջ ուռճացած բույսերը դեզ առ դեզ կախվել են կամար կապած ժայռերից դեպի վար. դեղնագույն ծաղիկների փնջերը ոլորտուն, բաղեղաձև գրկախառնված սպիտակ վարդենիների՝ սահում-շրջանակավորում են լպրծուն ապառաժները։ Ավելի՛ վար, ստվերի մեջ գտնվող ճախնուտը գրավված է մեծահասակ շուշաններով. հոսանուտ խճի երեսին փետրային նրբությամբ և թավշային փայլով՝ կանաչ սավան են կապել սպիտակ բծերով զարդարուն մանրիկ ծաղիկներ։ Եվ հուսկ ուրեմն, այնտեղ՝ վարը, շատ խոր, ջրի հետ անմիջապես խաղացող ափերի երկարությամբ, որպես լայն երիզ միապաղաղ հավասարությամբ մանրէական մամուռներ թափոր են կազմել բաշը թոթվելով արշավող գետակի երկու կողերին…

Եվ դիմացը, գետափից վեր, միմյանց վրա գլորված ապառաժների թիկն տվել՝ վիթխարի զանգվածով ցցվում է լեզվակաձև, միաձույլ, խորշոմալից լեռը, որ գլուխ պտտեցնող գահավանդներ է կազմում երեք կողմերից և գագաթին ունի հնամյա մամռոտ ավերակների մի տխուր կույտ…

Այդտեղ էր, որ գուզանցիք նստեցին քեֆի։

Մեղմ եղանակը, մի քանի քայլ հեռվից դեպի անդունդն իջնող ջրվեժի կարկաչը, դալար կանաչությունն ու բավական քանակությամբ խմած գինին տրամադրել էր Ջավադին երգելու։

Լա՛վ ձայն ուներ անպիտանը. զորեղ, կրծքային հուժկու տենոր, որ թնդացնում էր շրջակայքը։

Վայրենի բնության նման նրա ձայնն էլ վայրենի, անմշակ թեև, բայց ուներ քաղցր շեշտ և հաջող ճկունություն

Ու երգում էր նա կանգնած՝ դեմքը ծորակին.

Նպատակիս հասնեմ միայն,

Թող զիս հանեն կախաղան…