- Ինչո՞ւ ուրեմն մերժեցիք, երբ վերևում գյուղացիք առաջարկեցին ձեզ օղի,- հարցրի ես։
- Չկամեցա։ Նրանց հետ խմելը չարժե… Միշտ մենակ եմ խմում. ո՛չ ոքի հետ…
- Եվ շա՞տ։
- Շա՜տ… Ուրիշների հետ, եթե պատահի, զոռեն՝ միայն մի րյումկա… Գյուղացոց հետ՝ երբեք. ընկեր չեն. օղիդ են միայն խմում և հարբելուդ վրա ծիծաղում… Առհասարակ վա՛տ են. եթե շահ չունենան քեզնից—կամ կծաղրեն կամ կվնասեն… Մի բաժակ օղիի համար քծնում են…
Կցկտուր, խռպո՛տ ձայնով խոսում էր նա՝ պապիրոսը երբեմն բերնին, երբեմն մատների մեջ։ Չէր նայում մեզ, այլ միշտ դիմացի գետին և լեռներին։
- Ձեր անունը Վարդո՞ է,— դարձավ նրան հանկարծ Գևորգը, որ սկսել էր ավելի հետաքրքրվել։
- Ո՛չ, Վարդան է… «մածուն ուտող» Վարդան։
- Մածուն ուտո՞ղ,— ծիծաղեց Հակոբը,- և ինչո՞ւ այդ տիտղոսը. երևի մածուն շա՜տ եք սիրում։
- Այո. միս սակա՛վ եմ ուտում։
- Դուք երևի ուսում առած էլ եք,- ժպտաց Գևորգը,- գյուղացիք ձեզ «կարդացվոր» կոչեցին։
- Ծաղրում էին… բայց ուսել եմ մի ժամանակ… Ներսիսյան դպրոցումն եմ եղել… Գյուղացիք չե՛ն սիրում ուսածների։
- Այդ վա՛տ է, որ ուսածներին սկսել են ծաղրել,- նկատեցի ես,- երևի շատ եք խմում և ձեր պատիվը իջեցնում…
- Ո՛չ, այդ չէ,-ասաց Վարդոն,- ուրիշների մոտ ես չե՛մ հարբում… տանս միայն. խմում եմ և չեմ դուրս գալիս… խմում եմ ու կարդում, քնում… Այդ չէ։ Ծաղրում են, որովհետև իրենց գործերը տեսնում եմ և… ավելի հասկանում եմ իրանց ախտերը… Տանե՛լ չեն կարող, որ իրենց գյուղացին ավելի զարգացած լինի և մաքուր, որ իրանցից շա՛տ ավելի աղքատ, գրեթե անկուտի Վարդանը համարձակվում է ավելի բան հասկանալ ու դատել, որ նա էլ մյուսների նման չի՛ քծնում, քյոխվի վրա գոռում է և մասնակից չէ գծուծ գործերի…
- Այդպե՛ս է,- ասաց Գևորգը,- քանի մարդ տգետ է, այնքան հաճույք է զգում իրենից հասկացողին ծաղրելու առիթ գտնել։
- Այո՛… Քյոխվան բարկանում է, որ չի կարող ինձ էլ մտրակել, ծեծել… և դիմում է ծաղրի. գզիրը ծաղրում է… որովհետև ինձ հեռու