Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ, թողեք այդ,— ասացի ես,— ձեր խաղն սկսեք։ Ես միայն կնայեմ, ոչինչ չեմ լինի։

— Հա, էդ լավ ա,— արեց Տելոն միամտված,— բաս որ ըտենց ա, ըստի մեծը խո ե՞ս եմ…

Հետո մեկեն դարձավ դեպի Տազին ու կանչեց.

— Ադա Տազի՜, մեր հրամանն ա, որ էս սհաթիս վեր կենաս ու վազես սարի էն կողի վրիցը ձեն տաս, հրեն ա՜յ, չիմանլըղմը[1] նստոտած Սրապին ու մեկել տղերանցը… Թող շատ ըլեն, որ խաղը լազաթ տա… ըտենց չի՞, պ. Երվա՜նդ։

— Դե էսքանս էլ հերիք ենք,— առարկեց Տազին,— էլ ո՞ւր ես սաղ գեղը գլխիդ թափում:

Տելոն ամբողջ մարմնով շուռ եկավ դեպի նա, աչքերը ոլորեց ու փայտն այնպե՛ս սպառնալից բարձրացրեց, որ Տազին վախից ետ ոստնեց։

— Ա՛ շան տղա,— գոռաց նրա վրա Տելոն,— դու ընչացո՞ւ ես, որ հրամաններիս ջուղաբ տաս[2], դու գզի՞ր ես, թե՞ պրիստավ… ուզո՜ւմ ես, էս սհաթիս կաշիդ քերթեմ… ըստի քեզ գզիր են դրել, որ ստարշինի դեմը դողաս, հալվես…

— Ո՜ւյ… արջն ա, խա՜չը, մեշի[3] արջը…— մռմռաց աղջիկներից մեկը՝ կծկվելով ու կպնելով ընկերուհուն։

— Էն ո՞վ ա, որ ստարշինին արջ ա ասում,— որոտաց Տելոն,– կջնջխե՜մ…

— Այդ չեղավ, Տելո,— դարձյալ մեջ մտա ես,— շատ վատ սկսեցիր, որ այդքան գոռաս, էլ ձեն չի մնա վրադ… Համ էլ աղջիկներին հանգիստ թող։

Տելոն նայեց ինձ, ժպտաց, հետո նորից գայլային դեմք ստանալավ՝ քայլեց դեպի Տազին ու կանչեց.

— Հլա կանգնե՞լ ես…

— Ո՜ւ, ո՜ւ, ես քու…— արեց Տաղին ու գնաց դեպի բլուրը:

— Որ շատ ըլենք, ղորթ ա, լավ կըլի,— ասաց Քանազը,— թող ես էլ գնամ կանչեմ…

Ապա ելավ մի քարակույտի վրա, դեմքը դարձրեց դեպի մյուս պարալանջին ու սկսեց ձայնել խուլ, կարծես փորից դուրս եկող ձայնով:

  1. Մարգագետին
  2. Առարկել
  3. Անտառ