Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛, ախպե'ր,– արեց Տազին,— թե թափվելու եք ծեծեք, էն ա՜, չխաղամ։

— Ադա բա՛նիդ կաց, բանի՛դ…— կանչեց նրան Տելոն,— մագամ ստարշինան մեռե՞լ ա, որ գզրին ծեծեն…

Հետո աչք ածեց բոլորին, շտկեց իրեն, նայեց ինձ և երբ գտավ, որ ամեն ինչ տեղին էր, ճչաց.

— Մի քիչ ղրաղ քաշվեք, ա՛յ ադա… Ով ուզում ա գանգատավոր ըլի՝ թող մեյդան գա։

Արևը հետզհետե բարձրանում էր բլրի ետևից, ստվերը քաշվում-կարճանում։ Տեղներիցս սակայն չշարժվեցինք։ Հովանոց ունեի. բացի, թիկն տվի խոտերի վրա, գլխիս կողմից արևի ճառագայթների դեմն առա և այնուհետև լուռ՝ միմիայն հանդիսատես մնացի մանուկների խաղին։

Երեք-չորս հոգի մինչ այդ, միմյանց մոտ եկած, ըստ երևույթին պատրաստում էին գանգատի նյութը. իսկ Տելոն և Քանազը պաշտոնական դիրք ստացել նայում էին հպարտ, մտնում իրենց դերի մեջ։ Նույնիսկ, կատարյալ լինելու համար, մանուկը սկսեց իսկական ստարշինայի ձևերն ստանալ կկոցել աչքերը, քիթը վեր քաշել, ձեռքի ճիպոտով, իբր մտրակ, ոտը ծեծել։

— Բո՞ւ, ա՛յ տղա,— գոչեց հանկարծ Տելոն, պահ մի տեղից դուրս գալով,– բա պիսերը[1]… ըտենց էլ բա՞ն եք տեհել, մոռացել ենք պիսերը:

— Էս մեկ անգամն էլ թող պիսեր չըլի,— նկատեց Քանազը։

— Ո՞նց… չէ՛ , ստարշինան առանց պիսերի, ոնց որ ավազակը՝ առանց թվանքի… Ա՛յ, Պետի՛ն թող ըլի պիսերը

— Հա՛, հա՛, Պետին թող ըլի…— ձայնեցին ամենքը ծիծաղելով և դարձան եկվոր մանուկներից մեկին, որի վրա մինչ այդ՝ ուշադրություն չէին դարձրել։

Տասնամյա, գուցե քիչ ավելի տարիքով, մի ճուտիկ էր այդ, որ շատ հիշեցնում էր շարժուն միմիկա[2] ունեցող լուրջ կոմիկի։ Կարծես ահա բերնից մի սրախոսություն պիտի դուրս թռներ, ինքը՝ ասողը չպիտի ծիծաղեր և լսողները պիտի թուլանային։

Հագածից մինչև կեցվածքը ծիծաղաշարժ էր։ Մի կարճ, կտրտված արխալուղ, վրայից՝ խոշոր ծակերով երկար, մինչև գետին հասնող լայն չուխա (անշուշտ հոր դեն ձգածն էր), գլխին ահագին գզգզգված, հողոտ

  1. գրագիր
  2. դիմախաղ