Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կասկածում եք ինձ… Միթե ես հայտարարեցի՞, օրինակ, հենց ձեր մասին, էդվարդ Գուստավովիչ և օրիորդ Սուսաննա Պավլովնա, որ մեր իեղճ ածուի թումբերն եք տրորել և ծաղիկները ջարդելով սիրաբանել, չմտածելով, թե մայրիկը ինչպես պիտի բարկանա…

— Ա՛յ դու խո՛զ…— կանչեց էստոնացին։

— Շնորհակալություն… Իսկ ձեր մասին մի՞թե աֆիշաներ կպցրի, Վասիլի՛ և օրիորդ Զինաիդա Պավլովնա, թե թփուտների տակ մորի որոնելու էիք գնացել, և թե այնտեղից չփչփոցների ձայներ էին լսվում…

— Անպիտա՛ն, անպիտա՛ն,— վազեց դեպի նա Զինաիդան կարմրելով,— ստո՛ւմ եք, ո՛չ մի չփչփոցի ձայն չեք լսել դուք…

— Դե՛հ, այլևս հերիք է, պարոննե՛ր,— նորից միջամտեց Լիզան և կանգնեց եղբոր ու Զինաիդայի միջև,— բավական է այս ամենը, գտնե՛նք զբաղման, ժամանցի ուրիշ նյութ…

Ապա դարձավ դեպի Ադդան և պաշտոնական դեմք ստացած, ավելացրեց.

— Եղբայրս և այս պարոնները խնդրեցին ձեզ, Ադելաիդա Իվանովնա, որ մեզ հետ ճաշեք այսօր և պտույտի գնանք Կանաչ հրվանդանի վրա։

— Քանի որ եկել եմ,— ժպտաց Ադդան ավելի զգալի կերպով,— ուրեմն համաձայն եմ. Սերյոժան հայտնեց ինձ այդ։

Նկատելի կերպով Լիզան հոնքերը կիտեց և եղբորը նայեց։ Ինձ թվում էր, թե նա նեղացավ, որ Ադդան պարզապես «Սերյոժա» մտերմական ձևով էր կոչել երիտասարդին։

— Կուզե՞ք, պարոններ,— առաջարկեց Լիզան իսկույն ինքն իրեն զսպվելով,— կուզե՞ք գնանք իմ լուսամուտի առաջ, այն մեծ վարդենու մոտ։ Այժմ հովն ընկել է այնտեղ, ձեզ աթոռներ կտամ դուրսը նստելու, իսկ ես ներսում կնվագեմ։

— Գնանք,— ասաց ռուս ուսանողը, —ես միշտ ախորժով է որ լսում եմ ձեզ, կարող ես հավատացած լինել։

— Իսկ ես,— խոսեց էստոնացին,— ուղղակի սիրահարվում եմ ձեզ վրա, երբ նվազում եք։

— Իսկ դո՞ւք, օրիորդներ,— ասաց հմայիչ ծիծաղով Լիզան՝ դարձած դեպի օրիորդները,— դուք էլ երևի սիրահարվում եք ինձ վրա, երբ այս պարոնները հմայվում են…

Ապա քրքջաց և առաջ ընկավ։ Կատակներն ու ծաղրաբանությունները նորից սկսեցին․ հետո, որովհետև ծառուղին շատ լայն չէր, կազմվեցին ինքնըստինքյան զույգեր, և ես գտնվեցի ամենից վերջը, Ադդայի հետ։