վրա ես նրա երեսին նայեցի, աչքերը կիսախուփ՝ պաշտելի մի ժպիտ ուղղեց ինձ և ասաց.
— Օ՛, ո՛չ, պարոն, ես միայն փոշի եմ գործածում, այն էլ երբ քրտնած եմ։
— Աղջի՞կս — միջամտեց մայրը,— ոչ, չի քսվում, կարող եմ այդ վկայել. իսկ Զինաիդան և Սուսաննան՝ դրանք ուրիշ բան…
— Մա՛յրիկ…– լռեցրեց նրան աղջիկը՝ հանդիմանախառն ծիծաղով:
Օրիորդ Լիզայի հետ բավակա՛ն հաճախ հանդիպում էի ես մենակ պարտեզում և կամ ծովափին։ Զբոսնում էինք, խոսակցում։ Սկսում էր անդիմադրելի կերպով գրավել ինձ այս աղջիկը։ Ամեն անգամ, երբ մոտս էր լինում, աչքերս չէի կարողանում բաժանել նրա բոսորագույն ունքներից, գողտրիկ դեմքից և, մանավանդ, թովիչ, կիսափակ աչքերից։ Ցանկությունը երբեմն գժվեցնում էր ինձ. հուզմունքից ու գրգռումից դողում էր ձայնս, չորանում էին շրթունքներս։
Հասկանում էր Լիզան այդ ամենը և հետզհետե աշխատում էր ավելի ու ավելի թովել ինձ, իր ճիրանների մեջն առնել։ Խորագետ, խե՛լոք աղջիկ էր ու փորձված։ Իմ հուզումն ու գրգռումը ոչ իսկ վրդովում էր նրան։ Ըստ երևույթին ինձ նման շատերի քթից արդեն բռնած՝ իր ոտքերի տակ էր բերել նա, տրորել ու նետել։ Սովո՛ր էր պաշտամունքի, սովոր, որ կենտրոն դառնար ամե՛ն ուշադրության, ամե՛ն հիացմունքի:
Բայց ինձնից դեռ քաշվում էր կարծես։ Օրինակ հենց, չէր համարձակվում այնպես կատակներ անել, ինչպես անում էր էստոնացու և ռուս ուսանողի հետ.— հովհարով երեսներին էր խփում, հովանոցով խթում էր մեջքները, ճաշի վրա հացի միջուկից շինած գնդակներով ռմբակոծում էր և կամ հրամայում, որ ընկած թաշկինակը վերցնեն, գնան ներսից շալը բերեն, վազեն մի բաժակ ջրի և այլն։
Ինձնից կամ պատկառում էր և կամ նրանց հետ վաղվա ծանոթ, վաղուց էլ նրանց ճզմել ու տրորել էր ոտքերի առաջ։
Այսպես կամ այնպես, Լիզան օրեցօր թովում էր ինձ և ամբողջ կրքերն իմ մեջ վերականգնում։
Սիրահարվել նրան՝ թվում էր, թե չէի կարող։ Երբ հայացքը վրաս էր և շրթունքները դողդոջ դեպի ինձ, երբ թավշի նման գգվող ժպիտով շրջափակում էր հոգիս - քիչ էր մնում կորզեի նրան, տանեի ծովափի խորշերից մեկը՝ ծծելու համար նրա շրթունքներից այն մրրկող տրիփը, որ անուշահոտ ու ոգելից գինու նման արբեցնում էր ուղեղս… Բայց երբ չէի տեսնում նրա դեմքը, երբ նիհար մարմինն էր միայն երևում