Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծովն էի միայն տեսնում, ծովի՛ն միայն լսում. ուշադրությունս էլ նա էր գրավում ամբողջովին և մտածություններս ոստոստում էին նրա ծածանումների վրա, նրա ելևէջների կատարներին ու խորշերին, նրա ծալքերի և կնճիռների անվերջ փոփոխումների ետևից։

Ահա՜ այնտեղ, ելնում են ու իջնում անհամար թմբիկներ, սողոսկում են արծաթյա փուլեր… մյուս կողմում լերթ կապտագույն կույտերը միմյանց են բախում նախ, հետո կուտակված սահում են, ժողովում են այս-այն կողմից հապճեպով եկող յուրաքանչյուր շարժում, իրար են միացնում, իրար հրմշտկում ու բերանները բաց, սև պատ են կազմում ճերմակ քիվերով, շարժուն պատնեշների նման գալիս են սպառնալից… բայց ափերի մոտ փլում են մեղմ ժպիտով, ցրվում, ծիծաղում ավազուտների վրա, ճերմակում, կապտում և ջինջ ու պայծառ կաթիլներով կամ սուզվում են, կամ ետ քաշվում…

Եվ եզերքների ծփուն ջրերը օրորում են ծովային կարմրավուն բույսեր, որոնց մոտ ամեն ուղղությամբ տարածվող շեկ մազանման խոտերը երերում են՝ որպես կույսի ցրված գիսակներ…

Ու հայացքս դարձյալ դեպի ետ-հորիզոնն էր ոստնում, ուր երկինքը արդեն մթագնում էր և որտեղից դարձյա՛լ զինվում էին նոր արշավանքներ դեպի ափը, ջրերը միմյանց էին գնում արտորալով, իրաք առաջ մղում, զանազան կողմերից վերահաս ընկերներին ձեռք էին տալիս, որպեսզի նորի՛ց գնան, անվե՛րջ գնան իրենց շրջանակները փշրելու, կաշկանդող շղթաները ցնցել-ջարդելու…

Եվ այդպես, հայացքս հորիզոնից ափերին և ափերից դեպի տարածություն—անզգալիորեն, չեմ հիշում պատկերների որպիսի զուգորդության շնորհիվ, միտքս գնաց դեպի Ադդան։

Երևի պատճառն այն էր, որ մեկե՛ն հիշեցի, թե Ադդան այդ կողմերը կարող էր լինել, գուցե ինձ նման կծկված մի ծառի տակ, մի թփի մոտ՝ ծովը դիտելիս։

Դրա համար էր, որ մի րոպե ելա, շուրջս ակնարկ նետեցի և ջանացի նշմարել, թե չէ՞ր երևում արդյոք վարդագույն բաճկոն որևէ ծառի տակ։

Հետո նորից նստեցի և շարունակեցի մտածել այդ աղջկա մասին։ Պատկերացրի դեմքը, ակնարկը, հիշեցի մի քանի օր առաջվա մեր երկար խոսակցությունը և վերջապես մի առ մի ամփոփեցի ա՛յն ամենը, ինչ որ գիտեի և լսել էի նրա վերաբերությամբ։

Պատմել էին նրա անցյալից՝ մի քիչ ամենքը։ Լիզային ևս չէի հավատում շատ. ի՛նքն էլ չէր պատմում. չէր սիրում խոսել Ադդայի մասին,