Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղտնիք—մերժում էին պատմել ինձ: «Զա՛րժե» «Թո՛ղեք», «օ՛հ, ո՛չ, չեմ կարող պատմել», «խա՛չ գրեք վրան»,— ահա իմ հետաքրքրության» պատասխանները։

Հիրավի, ի՞նչ կար, ինչո՞ւ էր այդ աղջիկը հուսաբեկ, ջարդվում, ոտքերի կայանը կորցրած և կյանքից այլևս ոչինչ չսպասող: Արդյոք անհույս սե՞ր, խաբվա՞ծ, արդյոք անպատվել էին և թողե՞լ, թե ինքը սիրել էր մեկին և հանկարծ տեսել, որ իր սիրածը մի գարշելի արարած էր… ո՞վ գիտե, գուցե անհասանելի մի սեր էր այն, որ հուսահատեցրել էր։

Բայց մի՞թե խելքը գլխին մի աղջիկ, որ ունի իդեալներ ու նպատակներ, որ զարգացած է և գիտությունից ճաշակել է կարող է այդպե՛ս ջախջախված զգալ իրեն, որովհետև կամ իր սիրածն է իրեն խաբել, կամ իրեն «անպատվել» են ու «թողել» և կամ գուցե «սիրում է մեկին ու չի սիրվում»…

Ո՜չ, Ադդան ա՛յդքան արդեն ողորմելի չէր և ոչ էլ կրքի (թող լինի՝ սրտի) գերի։ Կային ուրիշ գաղտնիքներ՝ նրա հուսահատությանը պատճառ դարձած։ Գաղտնիքներ, որոնք հայտնի չէին և ո՛չ մեկին. ոչ ոքի։

Չէ՞ որ երբեմն մարդու սրտի խորքերումը գոյանում են այնպիսի դա՛ռն, սրտմաշուկ ջլատումներ, որ մարդ բերանով արտահայտե՛լ անգամ չի ուզում, որովհետև բուժվելու հույս չկա, որովհետև միևնույնն է, արտահայտելով ոչինչ չի՛ փոխվի…

Եվ կամ, գուցե դրանք այնպիսի՛ գաղտնիքներ էին, որոնց հայտնելու համար նա չէ՛ր գտել դեռ մի մտերիմ սիրտ, անմիջապե՜ս ըմբըռնող և լռելյայն վշտակցող մի հոգի, որ ցավակցական գռեհիկ բառեր չասեր ու պստիկացներ տանջանքի խորությունը, այլ որ անձայն համակրությունով թափանցեր անհուսության ահավորությունը…

Այդպե՛ս խորասուզվել էի ես Ադդայի հոգեկան ներքին աշխարհը, երբ մի րոպեի սթափման մեջ նկատեցի, որ այլևս արև չկար, երկինքը ծածկվել էր միաձույլ ամպերով, և սևաթույր խավարը կարծես իջնում էր ճզմելու, կլանելու կապուտակ ծովին։

Ջրերը հուզվել էին սկսել և հուսահատական թափով պատրաստվում էին կուրծքը դեմ տալ ծանրության. ուռում էին, կնճռում մեծ ճակատը, խոշոր երախները բաց արած մռնչալու էին ելնում ու հաջող րոպեի սպասում, որ նետվեն իջնող հրեշի դեմ:

Պահ մի անլսելի դարձավ ափերի շռինդը. արձանացման մի շունչ իջավ կարծես ու սառեցրեց ամեն շարժում. օդի մեջ զգացվող անկախ որոտը վարանման մի վայրկյան ունեցավ, հետո հանկա՛րծ սև զանգվածը