Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նայի՛ր, հա՛յր, կարծես կին լինի։

- Կի՞ն…-ճչացի ես ջղայնորեն և սարսափով,— ասացիք կի՞ն:

- Այո՛,– հաստատեց ծերունին,— կին է, երիտասարդ կին։

Նույնիսկ երիտասա՜րդ… Արդեն լավ տեսնում էին այդ ձկնորսները, իսկ իմ աչքերը մթագնում էին։

Եվ, սոսկալի՜ բան՝ կայծակի նման կիզիչ ու արագ՝ մի այնպիսի ցնցում անցավ մարմնովս, որ սրտիս բաբախումը մի վայրկյան կանգ առավ կարծես։ Խեղդիչ անձկություն, աննկարագրելի ճմլումն կսկծեցրեց հոգիս…

Արդյոք հիմա՞ր էի, ո՞վ ներշնչեց ինձ այդ միտքը, ինչո՞ւ, ո՞րտեղից…

- Մո՛տ գնանք, մո՛տ գնանք,— կանչեցի ես ահավոր ձայնով ու խելահեղ,— մղե՛ք այն կողմը նավակը, ազատե՛նք թշվառին, գուցե դեռ շնչում է՝ կենդանի է…

Ծերունին ինձ նայեց զգայուն դրությունս հասկացողի արգահատանքով, գլուխը ցնցեց և ասաց տխուր.

- Ավա՜ղ, ուշ է արդեն. երեկ գիշերվանից սկսած՝ ջրի մեջն է. նայի՛ր…

  • * *

… Ու պառկած էր նա, այդ դժբա՜խտ կինը, ընկա՜ծ մեջքի վրա, կապույտ քողի նմանող ջրի նուրբ շերտի տակ. մազերը ծովային կանաչավուն ճապաղ խոտերի խառնուրդի հետ փռվել էին գլխի շուրջը և դեմքը գունատ ու արձանացած, կապույտ աչքերը գրեթե անբիբ՝ ուղղված անորոշ անհունությա՛ն, թողել էր այլևս ամեն վիշտ և հիշողություն, հավիտենապես ազատվե՛լ իր մեծ տանջանքների հոգեմաշ անդրադաձումներից, ու չէ՛ր կամեցել գռեհիկ կերպով ապրել՝ վայելելու համար անասնային, բուսական այն կյանքը, որի զոհն էր եղել ինքը…

Ադդան էր։ Կյանքը խճճել էր նրան իր ոստայնի մեջ, ծծե՛լ էր կենսական բոլոր նյութերը և այժմ դուրս էր նետում անողոք պաղարյունությամբ։

Կյանքը, միջավայրն ու ժամանակը…