Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն ժամանակ վերջին խոսող տղամարդը ցուպը դրեց վզի վրա, ձեռքերով բռնեց նրան ու սկսեց երգել։ Նրան միացավ մի ուրիշը, ապա մի կին, և քիչ-քիչ ամբողջ խումբը։ Կանանցից մեկը սուր ձայնով մի քանի մինոր խաղեր հանեց կոկորդից և կին ու տղամարդ միաձայն՝ հնչեցրին մի նորանշան, տխուր ու կծու եղանակ, որ սկսում էր կիսաձայնից, վերջանում կիսաձայնով և որ՝ նման դեպի օդը նետված զսպանակի՝ վժժում էր նախ սուր, հետո հաստ, ապա մեղմանում էր, մարում և կարծես դոփ յունով ընկնում-վերջանում։

- Լևա՜լ-Լևա՜լ… (աստվա՜ծ-աստվա՜ծ)։

Կանչում էր սկսող կինը, հետո, մի ակնթարթ խորին լռությունից հետո, կին, տղա, տղամարդ-շարունակում էին.

Այս սարերը, այս ձորերը մերն են,
Բռողները ուիշներն են,
Լեվա՜լ, Լեվա՜լ։
Այս դաշտերը, այս հոդերը մերն են,
Հնձողները ուրիշներն են…
Անուշ քամին, լեռան ծաղիկ մերն են.
Շնչողները ուիշներն են,
Լեվա՜լ, Լեվա՜լ…

Իսկ երբ փոշին բոլորովին իջել էր, ձորաբերանը լավ երևում էր, և հույսով լցված խումբը շտապեցնում էր քայլերը՝ զով տեղերում հանգչելու համար-էշի վրա կուչ եկած պառավներից մեկը գլուխը բարձրացրեց և դողդոջուն ու զայրալից ձայնով երգը վերջացրեց.

Փչե՜ք, սարեր, լեցվե՜ք ձորեր,
Ողողվե՜ք դուք, դաշտե՜ր, հողեր,
Լոմ աղջիկներ, դուք մի՜ ծնեք,
Որ չվայելեն ուրիշներ,
Լեվա՜լ, Լեվա՜լ…

Ու այդ խորունկ գանգատը հնչեց դաշտի մեջ, գնաց դեպի ձորը և անհետացավ նրա խորքերում։

Խոր լռություն հաջորդեց երգին, արևը քիչ ծռվում էր. թափառական ճանապարհորդները փոշեթաթախ, լռլյայն ու հոգնած, մտան ձորակի մեջ, անցան ուռիների և այլ ծառերի տակից և կանգ առան մի լայն առվակի մոտ: