Երբ տուն հասավ՝ հիվանդ էր, անկողին մտավ։ Որդիները շրջապատեցին ծերանան, և պետք էր տեսնել նրանց բարկությանը, երբ իմացան, որ ոչ միայն իրենց հորը անպատիվ կերպով պաշտոնից զրկել էին, այլև 500 բոշաներ ամբաստանել էին նրան անիրավությամբ՝ կաշառակերության և գողության մեջ։
Երեք որդի ուներ ծերունի աթոռակալը։ Երեքն էլ իսկույն դուրս թռան, թաղե թաղ, տնե տուն ընկան և ինչ որ էլ լիներ, ուղերին իմանալ, թե ովքեր էին այդ անամոթ անբաստանագիրը ստորագրողները։
Իզուր փնտրեցին, մի հատ էլ չգտան։ Եվ ինչպե՞ս գտնեին, չէ՞ որ ոչ մի բոշա գրել-կարդալ չգիտեր։ Ամենքը, բացի դրանից, երգվում էին, որ իրենց կողմից այդպիսի ստորագրություն դնելու ոչ մի համաձայնություն չեն տվել, առաջարկություն իսկ չեն ստացել։ Եվ երբ լսում էին եղածը, սաստիկ զայրանում էին և հուզվում։
Երեկոյան դեմ Պոյապատի բոլոր բոշաների մեծերը հավաքվեցին աթոռակալի տան դռան առջև և խնդրեցին տեսնել ծերունուն։
Անցնող բոշան, տեսնելով իշխաններին, կանգ էր առնում, և այդպիսով մի մեծ բազմություն գոյացավ աթոռակալի տան առաջ։ Արթենին էլ երբ պատմեցին եղածը, զարմանք կեղծեց, ցավ հայտնեց և գնաց բազմության հետ ծերունու տան առաջ։
Աթոռակալը, կռթնած յուր մեծ որդուն, դուրս եկավ և նստեց, ժողովուրդը շրջան կազմեց և լուռ՝ սպասում էր լսել նրա բացատրությունը։
— Ասա մեզ, վարպետ,— խոսեց «ահիլ»-ներից (ծեր) մեկը,— այս ինչեր լսեցինք քո մասին, ճի՞շտ են բոլորը։
— ճիշտ է, որդիք,— խոսեց ծերունին,— ահա քսան տարի է չորս անգամ մյուդիր եմ եղել ձեզ, բայց երբեք այսքան վիրավորան չեմ կրել։ Ինձ հեռացնում են իմ պաշտոնից, կայմակամի հրամանն է դա․․․
— Բայց ոչ մեր ցանկությունը,— միջահատեցին մի քանիսը։
— Մենք միայն իրավունք ունեինք հեռացնել մեր աթոռակալը կամ պահել,— գոչեցին ետևում կանգնածներից շատերը։
— Կայմակամը անիրավությամբ է վարվում,— ասաց մեկը։ — Մենք կգանգատենք փաշային․․.
— Ինձ թողեք խոսեմ դեռ, որդիք,— ասաց ծերունին,— թողեք բոլորը ասեմ։
Բոլորը լռեցին։
— Օրենք․․․ իրավունք…— ասաց ծերունին,- այդպիսի բառեր արտասանեցիք։ Դրանք այժմ ո՞վ գիտե ո՞ր փոշելից անկյունում ննջում են․ հեռու, շատ հեռու, գուցե հենց միմիայն այնտեղ, վերևում կան, ուր նստած կա ինքը օրենքն ու իրավունքը․․․ բայց այստե՞ղ։