— Իսկ մա՞րդդ։
— Մարդ չունիմ… մարդս սոլավ էր, շպրտեցի… մարդ չունիմ, անտեր եմ, անտեր…
Բոշաները մոտեցել էին։
— Մի գնալ գիշերով, Մարգո,— մեջ ընկավ մի կին, երեխայքը մեղք են և հետո, գիտես, դաշտում շատ էլ ապահով չէ…
Մարգոն ոչինչ չասաց, գլխով միայն բացասական նշան արավ և առանց ետ նայելու հեռացավ։ Հուզիչ էր տեսարանը, բոլորը կանգնել նայում էին նրա ետևից․ մի քանիսները զայրացած անեծք ու հայհոյանք էին թափում Արթենի հասցեին։
Եվ Մարգոն հեռացավ այդպես՝ քարշ տալով յուր հետ երկու կիսամերկ որբերին։
Ելավ նա ավանից, առանց ետ նայելու կտրեց դաշտը և կեսգիշերից շատ անց, գրեթե հոգնած ու ջարդված, ցեխաթաթախ, մտավ Զիլե գյուղը և ընկավ հոր դռան առաջ.
Ծերունի հայրն էր դուռը բացողը։ Ճրագը ձեռքին մոտեցավ նրանց։
— Բարի երեկո, բաբ… (հայր)։
— Մարգո՞… — գոչեց ծերունին։
— Այդ ես եմ, բաբ… բայց չեմ եկել մնալու, այլ քեզ պահ եմ տալու իմ երկու որդիներին… մարդս պսու դարձավ, յուր ազգակիցներին մատնեց, նրանց աղջիկներին ու հարսներին քարշ տվեց պսուների համար, շան պես քծնում է նրանց ոտների տակ… Թողի նրան, բաբ, լավ չարի՞…
— Լավ արիր, աղջիկս, եկ օրհնեմ քեզ։
— Սպասիր, հայր, ես տունդ—այս օրհնած օջախը չեմ մտնիլ. ես անպատվված կին եմ. օջախդ արատավորեցին և մինչև չսրբեմ նրա բիծը, չեմ ներս մտնելու այնտեղ… ես գնում եմ. կամ կմեռնեմ և կամ օջախդ կմաքրեմ… լավ չե՞՛մ անում, բաբ…
— Լավ ես անում, աղջիկս, գնա, աստված քեզ հետ։
Հետո ծերունին դողդոջուն բազուկներով գրկեց աղջկան, համբուրեց, արտասվալից աչքերով բռնեց երկու որբուկի ձեռքը և ներս մտավ։
Մարգոն մի րոպե նայեց նրանց ետևից՝ աչքերը լի արտասուքով․ մի քայլ արավ վազելու դեպի զավակները, պարզեց ձեռքերը, բայց հանկարծ կանգ առավ, կնճռոտեց ճակատը, բուռերով սրբեց աչքերը՛, թոթափեց իրան և ամուր ու անհողդողդ քայլերով հեռացավ, մտնելով գիշերային մթության մեջ…