— Այժմ ճիշտ ասա ինձ, Արթեն, էլ թաքցնել մի մտածիլ և ոչ էլ ստել, ասա, պսո՞ւ ես դարձել։
— Սխալ է այդ, Մարգո,— ասաց Արթենը։
— Ապա ինչո՞ւ ես մյուդիր եղել հակառակ լոմերի ցանկության, ինչո՞ւ է թուրք կինը մեր օջախի մեջ, ինչո՞ւ բոլոր լոմերը կատաղել են քո դեմ։
— Թշնամություն է բոլորը, դու գիտես, որ ես թշնամիներ շատ ունիմ… Դրանք թող, Մարգո, ուրախ եմ, որ եկել ես. ասա, որտե՞ղ էիր մինչև այժմ։
Մարգոն չպատասխանեց, թողեց ամուսնուն, պտտեց սենյակի շուրջը, ոտքով դեսուդեն շպրտեց հանդիպած կարասիքը, հետո նոր բերած իրեղենները զննեց արհամարհությամբ և ասաց.
— Ուրեմն այստե՞ղ է, հա՞, այս օջախի շո՞ւրջը՝ որ պսուները բերում են լոմ կանանց անպատվելու, այստե՞ղ, ուր դուք բոլորդ լիրբ քեֆեր եք անում և լոմերին նեղացնելու հնարքներ մտածում… Վայ քեզ, Արթեն, երկու օջախ է քո դեմ վրեժ գոռում, վայ քեզ…
Հետո դարձավ թոնրի շուրջը և մոտեցավ ամուսնուն.
— Հա՛,— ասաց նա,— ուզում էիր իմանալ, թե որտե՞ղ էի մինչև այժմ… լավ, կասեմ։
— Ասա։
— Ստամբոլ էի… Չե՞ս հավատում, զարմանո՞ւմ էս, ի՞նչ կա զարմանալու։ Ստամբոլ էի. փնտրեցի այդ Արիֆ կոչվող պսուին, բայց չգտա, նրան ուղարկել են Երզնկա… Եկել եմ որդիներիս տեսնեմ և ապա գնամ Երզնկա… Դու գիտես, որ ուխտել եմ նրա արյունը թափել և հորս անպատված օջախը սրբել… Այո, անպատված օջախը արյունով միայն կարելի է մաքրել, այդպես է մտածում լոմը, այդպես մտածում եմ և ես… Դու ի՞նչ կասես դրան։
— Այդպես է…— կմկմաց Արթենը անհանգստությամբ,— բայց ինչ-որ հիմար բաներ ես խոսում… Ես գործ ունիմ, ուզում եմ դուրս գնալ, ասա, մտադի՞ր ես մնալ, թե ոչ…
— Ասացի, որ գնալու եմ. բայց այսօր դեռ հյուր եմ քեզ։
— Եթե այդպես է, ինչո՞ւ եկար, կարոտացե՞լ էիր ինձ. չէ որ դու ինձ երբեք չես սիրել։
— Ճիշտ է այդ, դու սիրելու մարդ չես եղել երբեք։ Դու պսու ես. եղբայրներիդ մատնող… Ես գյուղերումն էի, լսեցի, որ լոմերը քեզ չեն ուզում, որ քեզ դեմ են. որ դու համառում ես մնալու մյուդիրության մեջ և ուժ ես բանեցնում եղբայրներիդ դեմ… Մտածեցի, որ Արթենը յուր կնոջ աղաչանքը կլսե և խելքի կգա…