Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5—6 կով, 6—7 ձի, հետո՝ էշեր, եզներ… բայց մեր ամբողջ նախիրը երեկ քշեցին տարան քյուրդերը…

Բեգի աչքերը փայլեցին։ Նա հարկահավաքին դարձավ ու ասաց.

— Սա քեզ վերաբերյալ բան չէ կարծեմ. կառավարության հաշվի մեջ չեն մտնում բոշաները…

Հետո գրագրին նայեց ու ժպտաց.— իսկ դու, սիրելիս, սա մեր անձնական հաշվի հարցը դարձավ… — Գրիր այդ ամենը… Ուրեմն, 20 ոչխար, 6 կով…

— Բայց բեգ,— գոչեց բոշաներից մեկը.— այժմ ոչինչ չունինք, բոլորը տարան…

— Աստծու բանն է այդ…— խոսեց բեգը.— բայց ունեցել եք մինչև երեկ և նրանք կառավարության հողի վրա են արածել, ձեզ կերակրել են… Հաշվիր, գրագիր, 8 եզ…

— Ութ հատ չէին, բեգ,— ասաց նորից մի ծերունի բոշա,— և հետո, երկրագործության անասուններից հարկ չեն վերցնում…

— Դու լուռ կաց, քավթառ, և սպասիր որ քեզ խոսեցնեն… մենք հիմար չենք և գիտենք, որ բոշաները չեն զբաղվում երկրագործությունով… Գրեցի՞ր, գրագիր…

— Լավ,— սկսեց քիչ-քիչ ոգևորվել բեգը և դարձավ բոշաներին.– ասացեք ճիշտը, անպիտաններ, քանի՞ անձ կա վրաններում, կին, երեխա և տղամարդ… ճիշտը ասեք, եթե չեք ուզում, որ զինվորներիս ձեր վրանների վրա բաց թողնեմ…

— Տասնևութ տղամարդ ենք, բեգ,– պատասխանեց ծերունին. բայց 30-ից ավելի էին. մեզնից տասը հոգու ձեր հրամանով բռնել են դաշտում, իսկ երկուսին քյուրդերը սպանեցին։

— Ուրեմն 35 տղամարդ, իսկ կանա՞յք։

— Մոտ 20։

— Սուտ է, անիծյալ. 35 տղամարդ ունեցող խումբը 40-ից ավելի կանայք կունենա…

Ասաց և ոտքի ելավ։ Դեմքի վրա խաղում էր ինչ-որ չար ժպիտ։ Բեգը, երևի, նոր բան էր մտածել։

— Ահմեդ էֆենդի,— դարձավ նա գրագրին.— մենք հրամայում ենք ձեզ առնել ձեզ հետ 5–6 զինվոր և այս ծայրիցն սկսած՝ մտնել բոլոր վրաններն ու ցուցակագրել բոլոր անձերին, կանանց, աղջիկներին… իսկ առայժմ,— դարձավ նա բոշաներին,— կորեք աչքիցս, և ամեն մարդ թող իր ընտանիքի մոտ գնա…

Բոշաները վրանի առջևից հեռացան։ Բեգը հրամայեց կանչել զինվորների հիսնապետին և մանրամասն պատվերներ տվավ նրան։