Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այլապես՝ պարտք տվողը չէ՛ր համաձայնում տալ. իսկ ծերունին պետք ուներ։

ԹԵՐԵԶԱ.— Բայց դա խո անիրավությո՜ւն է, անգթությո՜ւն… Մի՞թե այդպիսի մարդիկ կան մեր գյուղում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ավելի հուզված)։ Դեռ լսեցեք… (Քիչ լուռ): Երկու տարի անդադար, այդ խեղճ ծերունին իր պարտքատիրոջն է տարել, տոկոսի փոխարեն, այգուց, ցորենից, յուղից… իսկ, վերջ ի վերջո, ստիպվել է մի նոր ստորագրությունով՝ 150-ը դարձնել 200… Եթե չաներ, կխլեին նրա տունուտեղը, ամեն ինչը…

ԹԵՐԵԶԱ.— (Սաստիկ վրդովված՝ ոտքի է ելնում)։ Բայց դուք սոսկալի՜ բաներ եք պատմում… Երբ մտածո՜ւմ եմ… խե՜ղճ Բաղդասար ամի… Անշո՛ւշտ հայրս չգիտե այդ բոլորը, պիտի հայտնել, ապահո՜վ եմ, որ կօգնի թշվառին…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Բայց դեռ ավելի սոկալի՛ն պատմեմ ձեզ… (Լուռ, խիստ մռայլ)։ Դուք, անշո՛ւշտ, դեռ չեք մոռացել Սրբաշեն գյուղի փորձանքը… Մի գիշերվա մեջ ամբողջ գյուղը գրեթե մոխի՛ր դարձավ հրդեհից, տավա՜ր, մա՜րդ… Հիշո՞ւմ եք։

ԹԵՐԵԶԱ.— Այո՜… ի՞նչ եք ուզում ասել։ Այդ ժամանակ ես Թիֆլիս էի, բայց լսեցի, սարսափելի բան էր։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛… Դեպքից շատ ժամանակ չի անցել… Ես Թիֆլիսից նոր էի գալիս և պատահմամբ ընկերացա այնտեղ գնացող մի քանի պարոնների հետ, որոնք Թիֆլիսում կազմված օգնություն հասցնող հանձնաժողովից էին ուղարկվել։ Դեպքից իսկո՛ւյն հետո արդեն՝ հաց, հագուստ և ուրիշ օգնություններ էին հասցրել թշվառ և բացօթյա մնացած վիրավորներին և անոթիներին…

ԹԵՐԵԶԱ.— (Ուղիղ նրա երեսին նայելով): Այո՛… Հա՛յրս էլ, հիշում եմ, երկու հարյուր ռուբլի նվիրեց…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սառը): Գուցե… Այդ պարոնների հետ մենք, մթնանում էր, երբ Սրբաշեն հասանք: Գյուղացիք նստել էին իրենց խրճիթների մոխիրների վրա, փլատակների առաջ… Կանայք արտասվում էին վիրավորների և մեռածների վրա… Ո՛ղբ, արտասո՛ւք… Սոսկալի՜ տեսարան էր… Իսկ եթե տեսնեիք վառվածնե՜րը, եթե լսեիք նրանց աղաղակն ու ճի՜չը… (Քիչ լուռ)։ Հետս եղած բժիշկը իսկույն ցա՛ծ թռավ իր օգնականի հետ, իսկ ես, հուզված մոտեցա մի պատի տակ կիտված գյուղացիների և խոսեցի, մխիթարեցի… Ահա՛, այդտեղ էր, որ մի սոսկալի՜ բան լսեցի… Գուցե սա ձեզ անհավատալի թվա, սակայն ստուգեցի, իրողություն էր… (Քիչ լուռ)։ Գյուղացիք պարտք ունեին մի վաշխառուի. վաշխառուն արդեն հրամա՛ն ուներ առնելու