* * *
Եվ երկար, երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին: Այժմ նա մշուշին ցած էր թողել իր՝ ճահիճների մեջ մնացած ընկերներին ծածկելու. այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց այժմ քան երբեք նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։
Եվ չէր ափսոսում: Այստեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով: Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։
Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.
— Կոչնչանա. կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին…
Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները. գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոտը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում. գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս—այն թփիկն այրում–սևացնում և գոչում ծառին.
— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասո՛ւմ էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա…
Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները, և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց…
Ծառը բռնկվեց, սկսեց այրվել։
— Այրվո՛ւմ է…— քջքջաց ներքևից ճահճային անտառը։
— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները,
— Տե՞սա ր, հանդուգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա…
— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ—մուխ արձակում, իր