Jump to content

Էջ:White Varsenik.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԵՐՄԱԿ ՎԱՐՍԵՆԻԿ



Սույն վեպը գրի առնել սկսած եմ 1930-ի աշնան
Փարիզի մեջ, բայց զանազան դեպքեր պատճառ եղած
են, որ կիսավարտ մնա։ 1932-ին ձեռք առնելով ձեռագիրը
սկսած եմ վերստին գրի առնել։ Վերջին երկու
գլուխները գրի առնված են Նըմուր։ Գալով
մնացյալին ամբողջովին վերամշակած եմ։

Ջանացած եմ նաև խոսակցությանը մեջ հավատարիմ
մնալ մեր շրջանին մեջ գործածական լեզվին։
Եթե ոչ դիպախաղլը՝ գործող անձերը սակայն առած
եմ իրականութենեն։ Գրքին երկու գլխավոր անձերուն
նախատիպարները աղջ են։

Փետրվար, 1934, Նըմուր


1

Երբ ծովեզերք հասան, վազելով իրարու ետևե, հևիհև ու սուր, զվարթ ճիչեր արձակելով՝ շաբաթ երեկոյան զանգակները կհնչեին արդեն։ Եալըն գրեթե ամայի էր։ Պայծառ, անգայտ միջոցին մեջ կհածեր ծովին աղի բուրումին հետ շրջակա ցորենի արտերուն, վայրի սալորենիներուն, մասրենիներուն և պտղատու ծառերուն բուսական առողջ հոտը։ Ծովը անուշ աղմուկով մը կսպառեր ավազուտքին վրա, խաղալով խճաքարերուն հետ։ Ու ամեն խաղացք հետը կբերեր սպիտակ ու ոսկի փրփուրի վաղանցիկ հեղեղ մը։ Արևը իր խարտյաշ քողը կձգեր լւսյն ճամբուն վրա, կհամբուրեր ծառերուն կատարները, կլողար կապույտ ջրերուն մեջ ու կերթար կընկըղմեր ցորենի ծփուն ալիքներուն խորը։

— Վարսենի՜կ, Վարսենիկ,— հնչեց աղջկան ուրախ ձայն մը,— եկուր տերմենին քովեն պիտի երթանք...

Վարսենիկ կեցավ Համբուն եզերքը, փորձեց խառնիխուռն վարսերը շտկել ազատ ձեռքովը, մինչ աջ անութին տակեն դաշտի ծաղիկներ կհորդեին։ Իր մատղաշ ու նորափթիթ կուրծքերը կելևէջեին ու ամբողջ երիտասարդ մարմինը առողջ հոգնությամբ մը կհևար։ Նստավ արտի մը եզերքը ու ծաղիկները գոգը պարպեց, մինչ ընկերուհիներուն շաղակրատ ձայները հետզհետե կմոտենային: