ներս, պարտեզին բոլրումներուն հետ։ Մազերու խուրձ մը ինկած իր ճակտին վրա ու գրեթե կծածկեր ակնարկը։ Ծուլությամբ գլուխը թոթվեց, բայց չհաջողեցավ զայն ետ նետել։ Քիչ մնաց պիտի հայհոյեր, եթե դեմքին վրա չզգար քրոջը հայացքը:
— Նո՛րեն աղտոտ բան մը պիտի ըսեիր,— ըսավ ինք։
— Միտքս գեշ լըլլալեն ետքը՝ զեն չունի, մեծ քույրիկ,— պատասխանեց։— Հայրիկը պիլե ատեն֊ատեն բերնեն կփախցնե...
— Բնա՛վ հայրիկին բերնեն հայհոյություն չեմ լսած...
— Տունը, ձեր էռջին,շպըտը քֆրե յա՜, տեղը կա...
Գորովով այդ ապստամբ մազերու խուրձը նետեց ետ ու մատներով փորձեց սանտրել ղանոնք։ Անոր արթուն աչքերուն մեջ կզգար առտվան անհոգ զվարթությունը, որ կնշուլեր։
— Ծո ,— ըսավ ժպտուն,— Պոլիս դպրոցը թեզի պես անպետ տղուն ո՛վ երես պիտի տա յա՜ , լավ մը պիտի չարչարեն քեզ, գիտցա՛ծ ըլլաս...
— Հելե էթանք տե՝ անանկ խոսինք,— հարեց լրջությամբ,—
հեմտե մինչև որ քեզ չնշանիմ նե տեղես չիմ էրերար...
Կարելի՞ բան էր հինգ վայրկյան հետը խոսիլ ու որևէ հեգնության առարկա չըլլալ, որևէ ակնարկություն չլսել։ Երկար ատենե ի վեր կզգար իր շուրջը լարված այդ ցանցին սեղմվիլը, բայց դեռ ո՛չ ոք տանը մեջ բացե ի բաց այդ մասին խոսք մը ուղղած էր իրեն։ Վշտանալու իրավունքը անգամ չուներ, քանի որ գիտեր, թե այդ ստահակ տղան կսիրեր զինքը։ Դանդաղությամբ բարձրացավ, առանց բան մը արտասանելու ու իր ողորկ ու լուսավոր դեմքը մթնեց։ Շարժումներուն մեջ վիրավորված վիթի հլու խոնարհություն մը կար։ Կռնակեն լսեց Արշավիրի ձայնը, բայց գլուխը չդարձուց։ Աճապարանքով իջավ սանդուխներեն ու գնաց իր սենյակը։ Դաշնակին առջև նստավ ու մեքենաբար մատները սկսան նվազել «Գեղեցիկ, կապույտ Դանուբը»։ Հուզումը խուժեց կոկորդին ու թարթիչները թրջեցան։
Եթե դուռը բանայիր ու գողունի ակնարկ մը ձգեիր ներսը, դուն իսկ կրնայիր զմայլանքի խորունկ աղաղակ մը արձակել, է՜յ կիտի Սահակ աղա։ Հա՜, ատանկ է յա՜, իրիկունը