Էջ:White Varsenik.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


իրար։ Սրունքները հավաքելով ու առանց գլուխը դարձնելու փախած էր ինք, հոգվույն խորը պահելով սակայն անոր անուշ ձայնը։

— Ես քեզ անմիջապես ճանչցա,— ըսավ նույն անուշ ձայնովը, որ հայրենի քաղաքեն կուգար,— մեծ մանչ մըն ես եղեր, բայց դեմքդ չէ փոխված։

Իր լռությունը անշուշտ կնեղեր զայն։ Դրան մոտ բազմոցի մը վրա նստավ, ձախավեր շարժումով մը պայուսակը գրեթե պահեց աթոռի մը տակ ու մեկեն սկսավ արտասվել։ Ոտքի՝ կնշմարեր անոր կուրծքին յուրաքանչյուր ելևէջը։ Նկատեց, թե աղքատիկ հագուստները կկեղծեին դեմքին գեղեցկությունը, թե հաստ գուլպաներ ուներ ու ձախ կոշիկը ծակ էր։ Վերստին լուռ զայրույթ մը ցնցեց մարմինը, զայրույթ մը, որ ոչ ոքի դեմ ուղղված էր, այլ կյանքին։ Այս բոլոր վերադարձներուն, որ հաղթական ոչինչ ունեին։ Եթե կրնար շրթները բանալ, բառերը կրնային գոռալեն վազել ջրվեժի մը սահանքներուն պես, այլ խոսելը մոռցած էր այս քաղաքին մեջ։ Անօգուտ իրի մը պես գամված կեցած էր տախտակամածին վրա ու կդիտեր այդ ճոխ կուրծքերուն ելևէջը, գորշ հագուստներն ու կոշիկը, որ ավելի քան ծակ կթվեր այժմ։ Գեթ իր հասած օրը մեծ մայրը տունն էր, ծեր այլ առողջ կին մը, որ եկած էր վրան լայն շարժումներով ու ջանացած էր համբուրել զինքը։ Իսկ ինք առաջին վայրկյանեն իսկ նեղված էր՝ անոր անատամ բերնին ու դույզն մայրության պատճառավ: Բացի այդ մեծ մոր հագուստները աղի ձուլ ու ծխախոտ կբուրեին այդ օրը։ Գեթ այդ զգայնությունը ունեցած էր ինք։ Հազիվ զգալի շարժումով մը ետ քաշված էր, թողլով որ այդ անօգուտ համբույրը իյնա կզակին վրա։ Հետո եկած էին մյուսները, մորեղբայր ու մորաքույր, զարմիկ ու զարմուհի։ Հորաքրոջ աղջիկ մը, որ մոտակա փողոց մը կապրեր ու դրացիներ։ Ու այս ամբողջ պզտիկ մարդկությունը, իր մեկ քանի մանուկներով, սկսած էր փոխն ի փոխ արտասվել, իր ապշահար ակնարկին տակ, քանի որ ինք դեռ հաշտված չէր իր հարազատներուն մահվան հետ։ Ու միայն հուզիչ չէր գտած այդ լացերը, այլ անտեղի, այլ քիչ մը ծիծաղելի։ Շունչ մը կուլային ու շունչ մը հետո կհիշեին իրենց պզտիկ հոգերը: Բարեբախտաբար սեղանի մը վըա գիրք մը կար։ Ագահությամբ