Jump to content

Էջ:White Varsenik.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աղջի՛կս, կարդա սըվիկա, ըսի քեզի,— կըսեր մեծ մայրը արդեն չոր ու ծեր կնոջ տհաճելի ձայնով մը։ Հետո ինչ որ լսեց, կցկտուր բառեր էին։ Հայտնապես Վերգինե մորաքույրը կճգներ գայթակղիչ զսպել ջանալով միաժամանակ խնդալու ծարավը, մինչ մեծ մայրը լուռ զայրույթով մը ոտքը զարկավ գետին։ Անտարակույս անոր հեղինակավոր ծերությունը չէր ուղեր ու չէր կրնար ըմբռնել իր աքսորական պատանությունը։

Ինչ որ սիրտը խոցեց, սակայն, մորաքրոջը անսպասելիորեն լուրջ ձայնն էր, ձայն մը, որ սկսած էր հաճելի գտնել։

— Ուրիշ ճար չկա, աս տղան դպրոց գնելու է։

— Դպրոց, դպրոց,— կմրթմրթար մեծ մայրը,— պետք է կերակրել, հագցնել, գիրք-տետրակ գնել...

Տակավին ժամանակ չէր ունեցած մտածելու այդ մասին: Տակավին չէր կրցած ընդունիլ՝ թե այլևս որբ է։ Անդառնալիորեն։

3

Ձեռքը օսլայած շապիկին ու այդ կարծր օձիքին վրա, որ չէր կրնար կոճկել, հայելիին առջև, ջղայնությունը աստիճանաբար կմեծնար, երբ դեմի սենյակեն Արուսյակ մտավ ներս։ Գուցե տերունական օրը քաղցր ըլլալուն համար էր դուրսը, որ ան այնքան թրթռուն ու գեղեցիկ թվեցավ, հանկարծորեն։ Աղջիկ ըլլալուն՝ ավելի շուտ կրցած էին զայն հագվեցնել ու ավելի վայելչորեն։

Քանի մը օրերե ի վեր, տանը ո՛ր կողմն ալ դառնար՝ ակամա կհավաքեր խոսքի նույն կտորները։ Վերգինե մորաքույրն ու ընտանիքին բոլոր կիները անընդհատ շրջազգեստ մը կամ հագուստի ուրիշ մասեր ունեին առաջարկելիք։ Ու ամեն ինչ, ըստ իրենց, կվայելեր Արուսյակի դեմքին, որ արդարև կշողար փսփուկ տրտմութենե մը ու օրվան ամեն ժամու լուսավորյալ կթվեր։ Երբեմն այդքան համառ շահագրգռության առջև, փափկանկատ ամաչկոտություն մը կվառեր այտերուն վրա։ Այդ պահերուն ինք երեսը անդին կդարձներ ու անորոշ հուզում մը կկծկեր սիրտը։ Ստիպված էր նկատել, թե անոր ամոթխածության պատճառը ինք էր, քանի որ եթե շարունակեր դիտել զայն՝ մեղմորեն արցունքի կաթիլներ կդո-