Jump to content

Էջ:White Varsenik.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրնա՞ր գիտնալ միթե, իր դեռ խոպան հոգվովը, թե ամեն իրական գորով, նույնիսկ ապօրինի, կկրե իր ներումը, ինչպես ամեն պտղավորություն իր արդարացումը, թե իրապես հանցավոր ըլլալու համար, ի առաջագունե պետք է ընդունած ըլլալ այն սկզբունքները, որ կորոշեն ու կպայմանավորեն այդ հանցանքը։

Մերկ տղու մը պես, որ առաջին անգամ ծովը կնետեն, կդողդոջեր՝ այդ հեղակարծ ամոթին պատճառավ, մինչդեռ Արուսյակ կջանար խնամով կապել կոջիկին կապիչները։ Կուզեր դուրս փախիլ ձգելով զայն հոդ, տախտակամածին վրա, այլ սրունքները չէին շարժեր։

— Պետք չէ, որ անցյալ կիրակի օրվան պես, առածին առիթեն օգտվելով դուրս փախիս եկեղեցիեն,— հարեց Արուսյակ՝ առանց գլուխը բարձրացնելու,— մեծ մայրիկդ բարկութենեն քիչ մնաց պիտի լար։ Դուրյան պատրիարքը պիտի քարոզե...

Երկու օրե ի վեր կուզեին կաշառել զինքը այդ սրբազան քարոզին հեռանկարով ու ինք բառ մը իսկ չէր ընդունած, որպես հնչուն ստակ, այդ հրաշագեղ խոստումեն։ Կեղծավորությամբ կժպտեր, հաճախորդի մը պես, որ ճիշտ գիտեր ներկայացված ապրանքին տարողությունը և որուն առակ կչափեն։ Իր հեռավոր երևակայության հորիզոններուն վրա այդ աստվածաճեմ ու աստվածագեղ մարդը, որ օր մը նշմարած էր, անզուգական տեսիլքի մը պես, խորին խորհուրդի մը և հրաշքի մը պես էր։ Երբ ոչ միայն զարմանալի սարսուռով մը, այլև որդիական երկյուղածությամբ՝ գոց կսորվեր «հուզական սրինգի» սուրբ ու հեշտավետ տաղերը՝ իր ակնարկին ձգած լույսերեն կբարձրանար Դուրյան պատրիանքի պարթև ու ճերմակ հասակը, Սուրբ Գրոց հրեղեն սյունին պես։ Երբեք չէր կրնար ընդունիլ՝ թե նման հրաշքով լի էակ մը կրնա քարոզել հասարակ եպիսկոպոսի մը պես, մեղմորեն ճոճելով ձեռքի գավազանը, ինչպես իր մանկության փորեղ առաջնորդը կըներ, կրնա վայրկյան մը կանգ առնել, կուշտ մը հազալ՝ իր լավ սնած մարդու լայնշի կուրծքին վանդակը ցնցելով, հազա՜լ, փռընգտա՜լ ու հուսկ ապա գորշ ձայնով մը գոչել, ինչպես կով մը ծուլորեն կփառաջե,— «սիրելի հավատացյալ ժողովո՜ւրդ»...