Jump to content

Էջ:White Varsenik.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շիկներուն աղմուկը գավիթին մարմարե սալահատակին վրա կամ Տեր Վրթանես հոր քաղքցիի կոշտ ու հարազատ ձայնը, որ մասնավոր ոլորումներով կըսեր շաբաթ երեկոյան սրբազան աղոթքները։ Երբեմն ուրիշ ընկերներու հետ կսրպրդեին նախագավիթը, մղված անբացատրելի հետաքրքրութենե մը, հակառակ ժամկոչին հալածանքներուն, վասնզի կիրակմուտքի ժամերգությունները նվազ հանդիսավոր ըլլալուն՝ իրենք կհամարձակեին անկարգություններ ընել ու հակառակ իրենց ապերասան մանկության, կպահվտեին սյուներուն ետին։ Կորաքամակ, ծերունի կիներ, որ երբեք կարդալ չէին գիտցած՝ անարյուն շրթունքներով անլսելի աղոթքներ կմրթմրթային։ Երբեմն ժամուն մեկ հեռավոր անկյունը կնշմարեին քաղքենի մը կամ վաճառական մը։

Ժողովուրդը կըսեր թե շաբաթ երեկոյան ժամերգությունը կիներուն և ծերերուն համար էր, հետևաբար մյուս մոլորյալ այրերը լոկ մեղավորներ կրնային ըլլալ։ Որքա՜ն գործված հանցանքը ծանրակշիռ պետք էր ըլլար, որպեսզի գործի տեր մարդ մը, այդքան աճապարանք դներ Տիրոջմեն ներում հայցելու իր պարտավորության մեջ։ Քաղցր ժամեր էին։ Երբ դիպվածավ պահարանին դուռը բաց կմնար՝ բարակ հով մը կսպրդեր ներս ու այդ ստահակ հովը կուգար կխաղար հայր Վրթանեսի ճերմակ, առաքելական ու նահապետական մորուքին հետ։ Ինք, որ շատ մանուկ՝ հայր Վրթանեսին տունը մանկապարտեզ գացած էր ու տաբատ մաշեցուցած մինտերներուն վրա, քաջ գիտեր թե՝ այդ վայրկյաններուն՝ բարի ծերունին կհայհոյեր՝ նույնքան ճերմակ պեխերուն մեջեն, սակավիկ մը ընդհատելով շարականը, գլուխը դարձնելով դեպի հովին կողմը ու վայրագ հայացքներ նետելով դեպի սարկավագն ու ժամկոչը։ Թաղին միակ քահանան էր, որ իր հառաջացած տարիքին պատճառավ կրցած էր խուսափիլ աքսորե։ Ինք որ երբեք հաճույքով չէր համբուրած, տուն օրհնենքի ժամերուն, քահանաներու ձեռքը՝ խորին աղապատանքով պիտի պագներ այժմ, եթե կարենար, Տեր Վրթանեսի զառամյալ ձեռքը։ Քաղքին բոլոր սովորությունները այժմ համակրելի կթվեին։ Խանդաղատանքով կհիշեր նույնիսկ ձեռք-պագի արարողությունները, խոսք-կապի այցելությունները ու այն բոլոր բարքերը, որ իրենց քաղաքին մասնավոր