Jump to content

Էջ:White Varsenik.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասկնալու զայն, ուրախութենես ոտքի ելա, զարմանալով, թե ինչպես մեր քաղաքը դաշնակ կրնար գոյություն ունենալ։ Առաջին անգամը չէր, որ ան կզարմացներ զիս։ Գրքի մը մեջ որ մը՝ անգլերեն նախադասության մը հանդիպած էի ու ինքնիրենս զայրացած՝ զայն չկրնալ թարգմանելուս պատճառավ։ Դեմքիս արտահայտութենեն կհասկնար հոգեկան վիճակս։

— Նորեն ի՞նչ կա,— հարցուց խանդաղատանքով։

Բարկութենես աչքերս լեցան ու գոչեցի.

— Ո՛չ հայերեն գիտեմ, ո՛չ քերականություն գիտեմ, ո՛չ գրաբար գիտեմ, ո՛չ ֆրանսերեն գիտեմ, ո՛չ անգլերեն գիտեմ...

— Միլիոնավոր մարդիկ կան, որ առանց այդ բոլորը գիտնալու երջանիկ կապրին, իսկ ուրիշներ, որ այդ բոլորը գիտեն ու կտառապին...

— Ուրիշները ինծի՞ ինչ,— գոռացի հուսահատ։

Կռնակես մոտեցավ ինձ, իր գիրգ ձեռքերը դրավ ուսերուս, խաղաղեցնելով անհանդարտ հոգիս։ Այտերուս վրա կզգայի իր վարսերուն թեթև հպումը։ Աչք մը նետեց գրքիս վրա։

— Համլեթի հռչակավոր խոսքն է,— հարեց մեղմիվ,— լինել թե չլինել, այդ իսկ է հարցը...

Ես չէի գիտեր, թե ի՞նչ է այդ հռչակավոր խոսքը։ Քովս նստավ ու երկարորեն պատմեց այդ թատերախաղը։ Այդ օրն էր, որ հստակորեն սորվեցա օփերա բառին իմաստը և ուրիշ բառեր, որոնց հաճախ կհանդիպեի առանց լրիվ հասկնալու: Գրեթե երկու ժամ տևեց այդ նիստը։ Մասամբ՝ այս հաճախակի խոսակցություններուն է, որ կպարտիմ հայերենի՛ ուժեղ կիրքս։ Այդ օրն էր նաև, որ երկարորեն խոսեգանք գրական սեռերու մասին։ Գուցե իր գեղեցկության ու իմ գորովիս պատճառավ էր, որ ըսածներեն բառ մը իսկ չէր կորսնցներ։ Ու երբեք չէր սպառեր հարցումներուս շարանը, ի՞նչ ըսել է վեպի մը էնթրիկը: Ի՞նչ է գաղափարաց զուգորդությունը: Ի՞նչ կնշանակե դասական գրականություն: Ի՞նչ է Աքիլյեսի կրունկը: Ո՞վ էր Պրոմեթեոս շղթայալ: Ո՞վ էին Թրուպատուրները: Ու իր բոլոր պատասխանները միշտ ճշգրիտ էին ու պարզ։ Ըստ իս մեկ թերություն ուներ, այն է