Jump to content

Էջ:White Varsenik.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորը որուն գահը ոսկյա ամպերուն մեջ է, ու իշխանությունը մեր հոգիներուն խորը։ Ան, որ ձիթենիի ճյուղերով Երուսաղեմ մտավ և որ կսիրեր իր մայրը։

Շեքսպիրի ՕԹԵԼԼՈ թատերախաղին մեջ համակրությունդ որո՞ւն հետ է. Տեզտեմոնայի՞ն թե Օթելյոյին և ինչո՞ւ:

ա) Օթելլոյին, որովհետև քաջ զինվորական մըն է ու արժանի չէ բնավ տառապելու։ Կարելի չէ, որ տղամարդը նախանձե տառապի՝ առանց անհավատարմության անշոշափելի, բայց բացահայտ նախանշաններուն: Հանցանքին չափ տաժանելի է այն զգացումը, թե կինը ընդունակ է անհավատարմության։

բ) Օթելլոյին կերթա համակրությունս, որովհետև իր սերը զորավոր է մահեն ավելի։ Ո՛վ որ իր սիրածը կսպանե սիրո համար՝ արժանի է ներողության։ Օթելլոյի արարքը ազնվական տարր մը չի՞ պարունակեր միթե։ Չկրնալով այլևս հարգել Տեզտեմոնան՝ կրնա՞ր ընդունիլ միթե, որ ան նվաստությամբ ապրի։ Օթելլո կուզեր, որ իր երևակայության մեջ Տեզտեմոնա պահեր իր առաջին գեղեցկությունն ու մաքրությունը։ Ու մահն է միայն, որ կրնա գեղեցիկ պահել մարդկային էակները։

դ) Օթելլոյին, բայց չեմ գիտեր ինչո՞ւ։ Գուցե որովհետև ավելի զգայուն եմ տղամարդոց տառապանքին։

Ի՞նչ է կարծիքդ ամուսնության մասին

ա) Ի՞նչ կրնա ըլլալ սպանդանոց երթալու նախասահմանված խոյի մը կարծիքը դահիճին մասին։ Տղամարդիկը նույնքան անմիտ են, որքան այդ խոյը։ Ծերերը սովորություն ունին ըսելու թե երիտասարդներու կարծիքները անարժեք են, քանի որ դեռ չեն ճանչնար կյանքը։ Իսկ ես վստահ եմ, թե փորձառությունը նախորդող կարծիքներն են, որ իրապես արժանի են ուշադրության։ Փորձառության հետ՝ մարդուն հոգվույն խորը կսպրդին բոլոր վախերն ու բոլոր խղճի խայթերը։ Ամուսնությունը գեշ առուտուր մըն է տղամարդուն համար, վասնզի կինն է, որ ստեղծած է զայն, շղթա զարնելու համար վաչկատուն ու ազատատենչ մարդուն։ Որ ան-