նեն, ուրախ ծիծաղ մը արձակեց, վերագտավ իր ողջ կենսուրախությունը։
— Այս փափուկ պարոնին անունը Զարեհ է,— պոռաց՝ զայն քշելով առաջ ու ստիպելով, որ ձեռք երկարե,— իսկ քու ընկերուհիներդ...
Մյուս երկուքը նույնքան շենշող էին երիտասարդությամբ։ Ու բացահայտ էր, թե կհամակրեին մեզի ու կզվարճանային մեր երկչոտության պատճառավ։ Անոնց դեմքերուն վրա Պոլսո ստահակությունն ու անմեղ անառակությունը կար։ Վստահաբար հարուստի աղջիկներ էին:
Այս խարտյաշ օրիորդին անունը Զարուհի է,— ըսավ Արմինե,— իսկ ասորը՝ Պերճուհի։ Երեքս ալ ամերիկյան Վարժարանը կհաճախենք...
— Իսկ մենք, երեքս ալ՝ որբ ենք, ինչպես կըսեն ու շուալով պիտի մեկնինք այս ձեր սքանչելի քաղաքեն...
Այս հայտարարությունը բավեց, որ աղմկալի խոսակցություն մի փրթի, միջանկյալ բացականչություններով ու ծիծաղներով, որ փողոցին լռությունը կշենցնեին։ Հակառակ փորձած ճիգիս՝ չէի հաջողեր մտիկ ընել։ Ակնարկս կառչած մնացած էր Արմինեի գարնանային դեմքին։ Անոր բոսոր բերնին շուրջ աննկարագրելի ու հույժ մանկական ժպիտ մը կար, որ անընդհատ կտեղափոխվեր համաձայն արտասանած խոսքերուն։ Մտովի կըսեի, թե կյանքը թակարդ մըն էր ու սուր ցավ մը կխրեր սրտիս մեջ։ Պետք չէր, որ զայն գեղեցիկ գտնեի։ Ծածկելու համար ձեռքերուս դողը՝ զանոնք աճապարանքով գրպաններուս մեջ դրի ու հեռանալու զորեղ փափադ մը ցնցեց զիս։
Ինչո՞ւ համար կտառապեի այսպես։ Կըսեի,— ա՞յս է միթե սերը։ Հոգիս խաղաղություն չունի ու անձկությունը կվառե զիս։— Ու քանի մյուսներուն խոսակցությունը կաշխուժանար ու զվարթությունը կմեծնար, այնքան հոգիս կկծկվեր իր հանցապարտ հուզումին պատճառավ։ Որքան զվարթ անփույթ էր երիտասարդությունը այդ տղոց ու աղջիկներուն վրա։ Անոնց բոլոր շարժումները շնորհալի ու գրավիչ էին՝ վասնզի չէին գիտեր, թե ի՞նչ է անձկությունը։ Կյանքին հրճվանքը դրոշակ պարզած էր անոնց վրա։ Ու քանի հոգիս կհեռանար իրենցմե, այնքան ակնարկս կառչած կմնար անոնց