նությամբ մը, անդամներուն մեջ մութ տվայտանք մը կկոտտար։ Կպառկեր բարձրը, խոտի դեզի մը վրա ու կփորձեր մրափել բայց հակառակ մարմնին խոնջենքին, հոգին արթուն կմնար։
Մնաց որ երկինքը կապույտ ու անամպ բեկորներով կիյնար աչքերուն խորը։ Կռնակի վրա երկնցած՝ թույլ կուտար, որ ամրան ձայները թավալին մարմնին վրա։ Զիլ մը հեռուն եզները կորոճային ու շուն մը արևին մեջ կմրափեր։ Հեռուեն կլսվեր ջրաղացի մը խուլ ու միօրինակ աղմուկը ու մերթ ընդ մերթ, ճամբուն վրա, անցորդներու ձայներ։ Ու միշտ ոգորելով հանդերձ նույն խորունկ հուզումին հետ՝ մտովի կհամրեր անցորդներուն քայլերը, մինչև որ բոլորովին ընկըղմեին լռության ծոցը։
Երեկոյան հովը ծովեն խաղաղորեն կբարձրանար, երբ արթնցավ՝ արևի տաք համբույրը դեմքին վրա։ Քնաթաթախ նստավ ու պրկվեցավ, հորանջեց ու ծծեց իրիկվան համեղ հովին շունչը։ Դեմը՝ հարդի փոշիի ամպի մը մեջ կամնակները հեռ կուգային, ձիերը կսուրային թնդելով ցորենի ոսկի ծղոտները։ Հարդի բարակ անձրևին մեջ, որ օդին մեջ կտատաներ, արևի ճառագայթները կցոլային, հարուցանելով ոսկի բեկբեկումներ։ Ժիր շարժումով մը ցատկեց գետին ու կանաչ խոտի դեզի մը տակ փնտռեց կուժը ու չգտավ զայն։
— Նա՛ հոն է թեսթին,— ըսավ նշան, շարունակելով կարկտել առջևը եղած պարկերը։
Թեթև մը երեսը թրջեց զով ջրով, սափորը բարձրացուց բերնին ու ջուրը գլգլալեն հոսեցուց, քիչ մը բարձրեն։ Ու ջուրը խնդալեն վազեց, փոքրիկ աղմուկով մը ոռոգելով քիմքերն ու կոկորդը։
— Աս իրիկուն շենք-շնորհք հով մը ըլլար նե գեշ չէր ըլլար,— ըսավ Նշան առանց հայացքը բարձրացնելու։
Գլխով հավանության նշան ըրավ ու առաջացավ դեպի կալը։ Իր շունը պոչը շարժելեն մոտեցավ ու փաթթվեցավ ոտքերուն։ Կրկին ժիր շարժումով մը ծռեցավ ու ափովը խառնեց անասունին դեմքն ու դունչը, որ ուրախութենեն կհաչեր։ Ցորենի գլխավոր կալին քով վայրկյան մը կեցավ ու ափին մեջ քննեց հատիկները։ Գույնը գեշ էր ու հատիկները փոքր էին, կարծես քիչ ժը շատ չորցած։ Կամնակ վարողներեն մե-