Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շնորհիվ կարողանում են ազատվել ռուս-ադրբեջանական գերությունից։ Իհարկե, դա դաս էր իրենց համար, որ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ հետախուզման ընթացքում ավելի զգույշ ու հեռատես լինեն։ Սակայն այդ փորձությամբ չավարտվեց։ Սարալանջ գյուղի մոտ անսպասելիորեն հայտնվեց ռուսական զրահամեքենա (ԲՏՌ), որն ակնհայտորեն եկավ իրենց կողմն ու ուզում էր ճզմել, բայց կրկին Ա. Թամոյանի փորձի ու ուշադրության շնորհիվ հաջողվեց փրկվել այդ օրվա երկրորդ ակնհայտ ծանր փորձությունից, որը կարող էր շատ վատ ավարտվել։

Սարագյուղցի Պավլիկը, ով նրանց հետ գնացել էր հետախուզության և ականատեսն էր եղել այդ օրվա դեպքերին, խորը շունչ քաշելով ու ուրախությամբ ասաց.

― Թամոյան, մենք այսօր մահվան եզրին էին կանգնած… քանի որ փրկվել ենք, անտառում եղնիկներ շատ կան, մեկին որսանք ու քեֆ անենք․․․

Այդպես էլ արեցին։ Որոշ ժամանակ անց որսացին մի գեղեցիկ եղնիկ, մորթեցին, խորոված արեցին, կերան, Աստծուն փառք տվեցին, որ փրկվել են և կրկին շարունակեցին իրենց ամենօրյա գործը՝ սահմանների պաշտպանությունը։

Հայաստանի հյուսիս-արևելյան ուղղությամբ գործողությունների ժամանակ տեղի է ունենում ևս մեկ դեպք, որն արժե հիշատակել. Իջևանի ուղղությամբ շարժվող հայկական ավտոբուսի վրա են հարձակվում ադրբեջանցի զինված հրոսակները։ Վիճակն անտանելի էր. ավտոբուսում էր մեկ տասնյակից ավելի մարդ՝ երեխաներ, կանայք, ծերեր․․․ Եզդիական ջոկատի անդամները, որոնք եղել են մոտերքում, տեղեկաում են և հարձակվելով ազերիների վրա, նրանց փախուստի