Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և լսում էր նրանց, նույնիսկ քաջալերում էլ էր նրանց, որ մահից չվախենան։ Երբ այս մեծ հրաշքը տեսան դահիճները, սաստիկ զարմացան այդ բանի վրա, բայց չհամարձակվեցին որևէ բան հարցնել նրան. սակայն գնացին և պատմեցին Դենշապուհին, որին հանձնարարված էր սրբերին չարչարելը։

Իսկ սա, երբ լսեց արքունի դահիճներից, մեծ երկյուղի մեջ ընկավ, մտածելով՝ թե գուցե անձամբ իրեն էլ գործի մեջ խառնեն, մանավանդ որ շատ լավ ծանոթ էր այն մարդուն։ Հրամայեց բանտից հանել ամենքին իրենց կապանքներով և այն քաղաքից տասներկու պարսկական հրասախ հեռացրեց։ Եվ թաքուն խոսեց մոգպետի հետ, թե ի՞նչ է նրա կալանավորված լինելու պատճառը։ Պատասխան տվեց այն մարդը և ասաց. «Թաքուն մի՛ խոսիր ինձ հետ և լուսավոր մտքերը մի՛ լսիր խավարի մեջ, որովհետև այժմ իմ աչքերը բացվեցին, քանի որ տեսա երկնավոր լույսը։ Եթե ուղում ես կյանքի խորհրդակից լինել, դեմ հանդիման հրապարակով հարցրու ինձ, և կպատմեմ քեզ Աստծու մեծամեծ գործերը, որ տեսա»։

Երբ նա լսեց նրանից ամեն բան և ստուգեց էլ նրա միաբանության վերաբերմամբ, որ չի բաժանվի սրբերի համերաշխությունից, չհամարձակվեց ձեռք բարձրացնել նրա վրա, թեպետև արքունիքից հրաման ուներ։ Այլ շտապեց, ինքն անձամբ գնաց թագավորի մոտ և թաքուն պատմեց նրան այն ամենը, ինչ և ինչպես լսել էր նրանից։

Պատասխան տվեց թագավորը և ասաց Դենշապուհին. «Ոչ ոք ամենևին չլսի քեզանից այդ բանը, մանավանդ այն մեծ տեսիլքի մասին, որ երևացել է նրան, որպեսզի տգետ մարդիկ երկմտելով՝ չբաժանվեն մեր ճշմարիտ կրոնից։ Մինչ մենք ուզում էինք ուրիշներին հնազանդեցնել, որ թերևս իրենց հոգիները գտնեն, երբ մենք չկարողացանք նրանց ոչինչ անել, մեր կրոնի վարդապետները շեղվեցին-գնացին նրանց մոլորության հետևից»։

«Նաև մեզ համար ամենից վատն այն է, որ մի չնչին մարդ չէ, որ շեղվել է դեպի նրանց կրոնը, այլ մի համակղեն մարդ, այս ամբողջ Վերին աշխարհում երևելի։ Եթե պայ-