Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ի բնե չունեիր, և նորից դարձի՛ր մոգության, ինչպես որ շատերի համար նույնիսկ վարդապետ էիր»։

Պատասխան տվեց երանելին և ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր, որ առաջ իմ աչքում հարազատ եղբայր էիր համարվում, իսկ այսօր՝ կատարյալ թշնամի. մի գթա ինձ առաջվա սիրուդ համեմատ, այլ կատարի՛ր ինձ վրա ձեր չար թագավորի կամքը. և ինչպես որ իրավունք ես ստացել իմ վերաբերմամբ՝ այնպես էլ պատմի՛ր ինձ»։

Այն ժամանակ, երբ Դենշապուհը տեսավ, որ ոչ մի բանի տեղ չդրեց թագավորի սպառնալիքները, և ոչ էլ իր հորդորներին ուշք դարձրեց, և ավելի կամենում էր, որ հայտնի խոսվի և ոչ թե ծածուկ, նրա վերաբերմամբ վարվեց թագավորի պատվերի համաձայն։ Գաղտագողի քշել տվեց հեռավոր օտարություն. ինչպես որ սովորել էր իր ուսուցչից, այնպես էլ արեց։

Եվ [թագավորը] հրամայեց Դենշապուհին ավագ գործակալներից երկու ընկեր էլ վերցնել իրեն օգնական—Ջնիկանին, որ արքունի մարզպետ էր, և Մովան հանդերձապետին՝ մովպետան մովպետի կողմից։

Արդ, այս երեքը, իրենց սպասավորների հետ միասին, վերցրին սրբերին այն անապատից և նույն գիշերը տարան նրանց նույնչափ հեռու մի ավելի դժնդակ տեղ։ Եվ բանակի միջից ոչ ոքի չթողին տեսնելու նրանց, ո՛չ հայերից և ո՛չ էլ ուրիշ քրիստոնյաներից, և ո՛չ էլ բոլորովին արտաքին հեթանոսներից։ Եվ այն քաղաքում կալանավորների վրա նշանակված սպասավորներին հրամայեցին, որ նրանց զգուշությամբ պահեն, որպեսզի ոչ ոք չիմանա նրանց հետքը, որով տանելու են մահվան տեղը. ո՛չ նրանք և ո՛չ էլ ուրիշ որևէ մարդ։

Բայց արքունի զորքից խուժաստանցի մի մարդ, որ ծածուկ քրիստոնյա էր, և որին վիճակված էր դահիճների խմբում լինելու, և տանջական գործիքներով սպասավորում էր օրապահներին, կեսգիշերին եկավ-մտավ և խառնվեց նախարարների խմբերին։ Առաջին խումբը կարծում էր, թե նա միջին խմբից է, միջին խումբը կարծում էր, թե նա երրորդ