Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քից կրտսերն եմ, քո ողորմությունը գթալով ինձ վրա՝ առաջ քաշեց»։

Եվ երբ այս ասաց, այլևս չէր կարողանում բերանը բաց անել գելարանի անտանելի պրկոցներից։ Դահիճներն անմիջապես հրաման ստացան երեք նախարարներից՝ սրով կտրել երանելու պարանոցը, և մարմինը գցեցին մի ցամաք խորխորատի մեջ։

Եվ հենց տեղնուտեղը Դենշապուհն սկսեց խոսել եպիսկոպոսի հետ և ասաց. «Երբ ես եկա Հայոց աշխարհը, ինձ վիճակվեց մի տարի և վեց ամիս շրջել այնտեղ, ես ամենևին չեմ հիշում, թե որևէ մեկից մի տրտունջ լսած լինեմ քո մասին, նույնպես և ավելի Հովսեփի մասին, որովհետև հենց դա էր բոլոր քրիստոնյաների պետը և հավատարիմ էր արքունի բոլոր գործերի մեջ։ Նույնպես և նա, ով իմ գնալուց առաջ այն աշխարհում մարզպան էր, շատ գոհ էր այս մարդուց, ես ինքս էլ իմ աչքով տեսա, որ ամբողջ երկրի համար հաստատուն հայր էր համարվում, և անաչառ կերպով սիրում էր մեծամեծներին և փոքրերին։

«Արդ, փոխանակ որ դուք աղաչեք, ե՛ս եմ աղաչում ձեզ. խնայեցե՛ք ձեր պատվական անձերին և մի՛ մատնվեք չարչարալից մահվան առաջինի նման, ինչ որ տեսաք ձեր աչքերով։ Որովհետև եթե դուք այդ համառ մտքի վրա եք մնում, ես էլ մտքումս դրել եմ անթիվ չարչարանքներով վերջ դնել ձեր կյանքին։ Ես գիտեմ, որ դուք այդ մարդու կողմից խարված եք, որովհետև ինքը մարմնով հիվանդ է և բժիշկների օգնությամբ չի կարողացել առողջություն գտնել, հիվանդոտ կյանքից ձանձրացել է և ավելի մահվան է փափագում, քան թե կյանքի»։

Այս բանին պատասխան տվեց սուրբ Հովսեփը և ասաց. «Այդ գովասանքը, որ դու տվիր նախ այս եպիսկոպոսին և ապա ինձ, իրավացի արիր և ըստ կարգի պատվեցիր այդ ալեհերության համար, այդպես էլ վայել է։ Բայց աստծու ճշմարիտ ծառաներին օրենք չէ ընդդիմանալ երկրավոր իշխաններին, և Ժողովրդից ոչ ոքի՝ տրտնջալ մարմնավոր աչքածակության համար, այլ խոնարհությամբ և հեզությամբ