Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս երեսունևհինգ մարդկանցից ոմանք ավագ նախարարներից էին, ոմանք կրտսերներից, բայց բոլորն էլ մարմնով նախարարազուններ են, իսկ հոգևոր առաքինությամբ՝ բոլորն էլ երկնային քաղաքացիներ։ Եվ ուրիշ շատ ազատ մարդիկ էլ, ոմանք թագավորական տնից և ոմանք հենց նույն նախարարների տնից, քաջ նահատակների նիզակակիցներ ու մարտակիցներ։ Սրանք բոլորն էլ հոժարակամ հանձնվեցին չարչարանքների սուրբ կապանքներին։

Բայց մենք այժմ ոչ միայն այս բանի վրա ենք զարմացած, որ կամովին գնացին, փորձության մեջ ընկան, այլ ավելի այն բանի վրա ենք սքանչացած, որ նրանց նման փափկակյաց մարդիկ, ձյունապատ լեռների լայնարձակ ապրած բնակիչները, խորշակաբեր դաշտերի բնակիչ դարձան։ Նրանք, ովքեր ազատ էրեների նման շրջում էին ծաղկաբեր սարերում, ձեռքերն ու ոտքերը կապած հրվեցին Արևելքի բոցակեզ աշխարհը։ Հացի նեղության և ջրի կարոտության մեջ էին, ցերեկը խավարում և գիշերն անլույս, անվերարկու և անանկողին, գազանների նման գետնին փռված ինը տարի և վեց ամիս: Եվ այնպիսի մեծ ուրախությամբ էին տանում այդ նեղությունը, որ ոչ ոք ամենևին տրտունջ ու հայհոյանք շչսեց նրանց բերանից, այլ հորդառատ գոհացողություն՝ աստվածապաշտության մեջ գտնվող բարեկեցիկ մարդկանց նմանությամբ։

Եվ մինչդեռ նրանք այսպիսի նեղության մեջ էին, կասկած ընկավ թագավորի սիրտը, թե սաստիկ տառապանքի պատճառով ձանձրացած կլինեն իրենց դառն կյանքից։ Նրանց մոտ ուղարկեց մեծ հազարապետին և ասաց. «Գոնե այսուհետև զգաստացեք ձեզ ու ձեզ, և նույն համառության մեջ մի՛ մնաք. երկրպագեցեք արեգակին, և կարձակվեք այդ չարաչար կապանքներից և ամեն մեկդ. կրկին տեր կդառնաք ձեր հայրական գույքին»։

Պատասխան տվին երանելիներն ու ասացին. «Փորձելու համա՞ր ես եկել-հարցնում մեզ, թե՞ իսկապես թագավորն ինքն է ուղարկել քեզ»։ Հազարապետը երդվեց և ասաց. «Ասածիս մեջ ավելի կամ պակաս խոսք չկա, որ