Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էր նրանց՝ Հայոց երկիրն իզուր տեղը ավերելու համար։ Նրանց հիշեցնում էր նախարարների մահը և կապվածների չարչարանքները։ Ասում էր՝ «Այնչափ սիրո և վաստակների համար փոխանակ կյանք շնորհելու, նրանց արևը խավարեցրիք։ Լավ կլինի ինձ համար, ասում է, նրանց չարչարանքները հանձն առնել, քան թե քրիստոնեությունը թողնել»։

Եվ երբ տեսան, որ ո՛չ բռնությամբ և ո՛չ էլ սիրով չկարողացանք համոզել նրան, շատ գանձեր ուղարկեցին Խայլանղուրների աշխարհը, բաց արին Ալանների դռները, շատ զորք հանեցին հոներից և մի տարի կռվեցին Աղվանից թագավորի դեմ։ Թեպետև նրա զորքը ցրվեց ու հեռացավ նրանից, սակայն նրան չկարողացան հնազանդեցնել, այլ դեռ մեծամեծ հարվածներ Էլ ստացան, որը պատերազմով և որը հիվանդությունների չարչարանքներով։ Եվ պաշարումը երկար ժամանակ տևելու պատճառով աշխարհի մեծ կեսն ավերվեց, բայց ոչ ոք նրանից չերկմտեց ու չբաժանվեց։

Պարսից թագավորը դարձյալ մարդ ուղարկեց նրա մոտ՝ «Իմ քրոջն, ասաց, և քեռորդուս ուղարկի՛ր ինձ մոտ, որովհետև ի բնե մոդական կրոնի հետևող էին, և դու քրիստոնյա դարձրիր, իսկ աշխարհդ թող քեզ մնա»: Բայց այն սքանչելի մարդը կռվում էր ո՛չ թե տերության համար, այլ աստվածպաշտության: Մորն ու կնոջը ուղարկեց և ամբողջ աշխարհից հրաժարվեց. իսկ ինքը վերցրեց ավետարանը և ուզում էր աշխարհից հեռանալ։

Երբ այս բանը լսեց թագավորը, շատ ափսոսաց ու ցավեց իր մտքում, և ամբողջ մեղքն իր հոր վրա էր գցում։ Անսուտ երդում կնքեց և ուղարկեց նրան, թե՝ երկրիցդ մի՛ հեռանա միայն, և ինչ որ ասես՝ կանեմ։ Նա խնդրեց՝ ինչ որ մանկությունից իր սեփականն էր և որ իր հայրը շնորհել էր նրան երեխա ժամանակ — հազար տուն. թագավորից ստացավ այդ և միայնակյացների հետ միասին նստեց այնտեղ։ Եվ այնպես անդադար աստվածային պաշտամունքով