Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար անկողին չէր գցում, որովհետև մինչև իսկ չգիտեին խոտեղենները ջոկել միմյանցից. միևնույն թուխ գույնն ունեին փսիաթները և միևնույն սև գույնի էին գլխատակերի բարձերը։

Չկային նրանց համար առանձին անուշահամ կերակուրներ պատրաստող խոհարարներ և ոչ էլ ջոկ հացարարներ՝ նրանց ազատների սովորության համաձայն սպասավորելու համար, այլ այդ ամենը ընդհանուր էր։ Շաբաթամուտն անց էին կացնում անապատում բնակվող միայնակյացների կարգով։ Ո՛չ ոք մյուսի ձեռին ջուր չէր լցնում, և ոչ էլ կրտսերները ավագներին սրբիչ էին մատուցանում. փափկասուն կանանց ձեռքը օճառ չընկավ, և յուղ չառաջարկվեց ուրախության հանդեսների համար։ Նրանց առջև մաքուր սկուտեղներ չդրվեցին և ո՛չ էլ բաժակակալներ տրվեցին ուրախության համար. նրանցից ոչ մեկի դռների մոտ նվիրակ չկանգնեց, և պատվական մարդիկ չկանչվեցին նրանց խնջույքի սեղանին. նրանց մտքերից չանցավ, թե գուցե սնուցանող որևէ դաստիարակ կամ մի սիրելի հարազատ ունեն։

Փոշոտվեցին ու ծխոտվեցին նորահարսների սրահակներն ու առագաստները և սարդի ոստայններ ձգվեցին նրանց հարսնարաններում. կործանվեցին նրանց դահլիճների բարձր գահերը, և խանգարվեցին նրանց սեղանների պարագաները. ընկան-կործանվեցին նրանց ապարանքները, և տապալվեցին ու ավերվեցին նրանց ապաստան ծառայող ամրոցները։ Չորացան-ճողեցին նրանց ծաղկանոցների բուրաստանները, և արմատախիլ եղան նրանց գինեբեր այգիների տունկերը։

Իրենց աչքերով տեսան իրենց կայքերի հափշտակությունը և իրենց ականջներով լսեցին իրենց սիրելիների վշտերն ու չարչարանքները. նրանց գանձերն առան, թագավորական արին, և ամենևին զարդեր չմնացին նրանց երեսների վրա։

Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որմեք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու